Ի՞նչ պայմաններում անկախացավ Հայաստանը (տեսանյութ)
Ի տարբերություն Խորհրդային Միության այլ տարածքների ու ժողովուրդների, Հայաստանն ստիպաված էր անցնել անկախության շատ դժվար ճանապարհ: Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը վերհիշում է, թե ինչ խոչընդոտներ էին ստիպված հաղթահարել հայաստանցիները. «Խորհրդային իշխանություններն ամեն ջանք գործադրում էին, որ հայերը չկարողանան որևէ գործողություն իրականացնել Մոսկվայից անկախ: Դրան էր ուղղված Գորբաչովի կողմից արձակված այն հրամանը, ըստ որի՝ արգելվում էր զենքի շրջանառությունը որևէ պետության տարածքում: Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդն իր վերաբերմունքը ցույց տվեց այս օրենքին, այն քննադատվեց և որոշվեց, որ ՀՀ-ն չի գնա այդ որոշման կատարմանը»: Պատմաբանի դիտարկմամբ՝ սա արդեն անկախության առաջին նշաններն էին կենտրոնից և արդեն 1991 թվականի մարտի 1-ին որոշում կայացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնել: «Այդ հարցը լուծվեց արդեն վեց ամիս անց՝ անկախության հանրաքվե անցկացնելով: Հայաստանի անկախացմանը օգնեց նաև օգոստոսի 19-ի՝ Ռուսաստանում ձախողված հեղափոխության փորձը»: Պատմաբանը անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը համարում է բանակի կայացումը՝ որպես պետության անվտանգության երաշխավոր: «Իհարկե դեռևս ունենք նաև թերություններ ու բացթողումներ, հատկապես տնտեսության բնագավառում, առկա է նաև արտագաղթ»: