Տոնական ողջ օրը 3-4 ծաղիկ է վաճառել
Հանրապետության հրապարակի մոտակայքում ամբողջ օրվա ընթացքում երեկ փորձել է ծաղիկ վաճառել 90-ամյա Եպրաքսիա Հարությունյանը: «Չեն առնում. ամբողջ օրը 3, 4 հատ ծաղիկ եմ ծախել: Ով սիրած ունի, իրանք էլ չեն առնում, քայլում են, գալի, գնում, չեն առնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում սրտնեղած պատմեց նա: Վաճառում է միայն վարդեր, տոնական օրերին 800 դրամով, իսկ սովորաբար` ավելի մատչելի: 35 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Եպրաքսիա տատը 30.000 դրամ թոշակ է ստանում: Տանն այլ աշխատող չունի: Երեխաներից ամեն մեկը մի առողջական խնդիր ունի: Ստիպված ամեն օր նա գալիս է կենտրոն՝ Հանրապետության հրապարակի, «Մոսկվա» կինոթատրոնի և Հյուսիսային պողոտայի տարածքում ծաղիկներ վաճառելու: Նախկինում ժավելի սպիրտ ու արևածաղիկ է վաճառել: Եպրաքսիա տատը պատմում է, որ ծանր կյանք է ունեցել և մինչև այժմ էլ տանջվում է. «Ես մանկատան երեխա եմ: 4 տարի եմ դպրոց գնացել, հետո ոչ մի տեղ չեմ սովորել: Դառը կյանք եմ ունեցել: Հիմա էլ ոչ մի օգնող չունեմ, պարտք եմ անում, ապրում ենք»: Երկար տարիներ նա աշխատել է «Նաիրիտ» գործարանում. «Կոշիկի համար կաուչուկ էինք սարքում: Կոմունիստի ժամանակ լավ էր, աշխատանք կար: Հիմա մարդիկ ի՞նչ անեն»,-ասում է նա: Եպրաքսիա տատը կարծում է, որ չարժեր Երևանի տոնը նշել մեծ ճոխություններով. «Ժողովրդի կեսը փող ա հավաքում, կեսն էլ` ջահելությունն ա, ինչո՞վ ուրախանան: Առաջ մարդիկ աշխատում էին, հիմա` անտերություն ա: Ճոխ-ճոխ նշում են, էսի ձևականություն ա»: Տոնի փոխարեն նա կցանկանար, որ գումարները տրվեին կարիքավորներին: