«Փորձել ենք կոտրել թատրոնի հետ կապված կարծրատիպերը» (տեսանյութ)
Փարաջանովի անվան մոսկովյան թատրոնի կազմը դեռևս Երևանում է: Հոկտեմբերի 19-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում նրանք հանդես կգան «Կյանքը չես ապրի նորից» ներկայացմամբ: «Այն երաժշտությամբ, ասմունքով ու փարաջանովյան առեղծվածով լի աշխատանք է, որը սիրով ուզում ենք ներկայացնել հայ հանդիսատեսին»,-ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեն: Հայ հանդիսատեսի ընդունելությունը հաճելիորեն զարմացրել է թատրոնի ներկայացուցիչներին: «Չէինք պատկերացնում, որ հայ հանդիսատեսը կարող է նման ջերմությամբ ընդունել ռուսական պոեզիան: Մեզ ասում էին, որ լուրջ հանդիսատեսը պակասել է և այլն, բայց համոզվեցինք, որ Հայաստանում կա լուրջ, մտավորական հանդիսատես: Նրանց ցանկությամբ որոշեցինք նորից հանդես գալ»,-շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 22-ին, Փարաջանովի անվան թատրոնը ներկայացրել էր «Արմենիադա. Հայաստանի երազների ալքիմիան» ներկայացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ի դեպ՝ այդ ներկայացման պրեմիերան ապրիլ ամսին կայացել է Մոսկվայում: «Մոտ 1700 հանդիսատես 20 րոպե ծափահարում էր»,-պատմեց պարոն Գաբբեն: Ի դեպ՝ Փարաջանովի անվան թատրոնն այս տարի տոնում է հիմնադրման 20-ամյակը: «Թատրոնում կլոր սեղանիկներ են, ցուցադրված է Փարաջանովի հագուստները: Մենք փորձել ենք կոտրել թատրոնի հետ կապված կարծրատիպերը: Դժվար էր Ռուսաստանում՝ բարդ մրցակցության մեջ աշխատել, բայց մենք կարողացանք դա անել»,-ասաց գեղարվեստական ղեկավարը: