Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԺ-ի կանայք իմիտացնում են տղամարդկանց խոսքը, ձևերը»

Քաղաքականություն
8380b3d6279e859ab5767818924613c0

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարություն է տարածել, որով առաջարկում է ընտրական օրենսգրքում փոփոխությունների միջոցով կանանց ներգրավվածությունն Ազգային ժողովում բարձրացնել: Հրապարակախոս Հրանուշ Խառատյանը դեմ է. նախաձեռնության մեջ այս պահին առանձնապես իմաստ չի տեսնում: Ներկայումս ԱԺ-ում գտնվող կանանց աշխատանքը նա այնքան էլ բարձր չի գնահատում. «Խորհրդարանի որոշումների մեջ կանացի մեթոդաբանություն չկա: Այդ կանայք իմիտացնում են տղամարդկանց խոսքը, ձևերը: Նրանք իմիտացնում են, թե տղամարդ են: Նույն Հերմինե Նաղդալյանը և այլ կանայք հենց այնպես ներքաշված են քաղաքականության մեջ»: Արդյո՞ք տիկին Խառատյանն ինքը կցանկանա մտնել Ազգային ժողով: Ասում է՝ տարիքն այն չէ, բացի այդ՝ այլ գործեր ունի: Սակայն այլ պատճառներ էլ կան. «Խորհրդարանի մթնոլորտն ինձ չի տրամադրում: Իմ վարքը, հռետորաբանությունն ինձ թույլ չի տալիս, այնտեղին համահունչ չի»: ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը հակառակ կարծիքի է. «Շատ լավ եմ գնահատում պատգամավորի այդ առաջարկը: Իմ անձնական տեսակետն այն է, որ կինն ավելի պատասխանատու է»: Արդյո՞ք տիկին Նահապետյանը լիարժեք կարողանում է դրսևորվել քաղաքականության մեջ. «Այո, քանի որ ես 1992 թվից բիզնես միջավայրում և քաղաքականության մեջ եմ»: Պատգամավորին աջակցում է նաև ընտանիքը. «Եթե իմ ամուսինը դեմ լիներ, աշխատանքս չէր ստացվի: Գիտենք, որ հայ տղամարդիկ ունեն այդ հակումը՝ չթույլատրելու: Սակայն եթե ընտանիքում համաձայնություն և աջակցություն կա, ապա ամեն ինչ կստացվի: Եթե կինն աշխատանքից հետո գնա տուն և բոլորը դժգոհ լինեն, նա չի կարողանա»: Նաիրա Նահապետյանը նաև չի կարծում, թե նոր կանանց ներգրավումը խորհրդարանում մրցակցային դաշտ կստեղծի իր և մյուս կին պատգամավորների համար: