ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի փետրվարի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Վարդանանց տոնը: 451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են։ Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը։
449 թվականին Հազկերտը պաշտոնական հրովարտակ է ուղարկում Հայաստան, Վրաստան եւ Աղվանք` պահանջելով զրադաշտականություն ընդունել: Արտաշատում Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսի գլխավորությամբ ժողով է գումարվում հոգեւորականների եւ նախարարների, այդ թվում նաեւ սպարապետ Վարդան Մամիկոնյանը եւ Հայաստանի մարզպան Վասակ Սյունիի մասնակցությամբ,: Ժողովի մասնակիցները պատասխան նամակ են գրում Հազկերտին, որ հավատարիմ են իրենց հավատին եւ մերժում են նրա պահանջը: Զայրացած Հազկերտը Պարսից տերության մայրաքաղաք է կանչում Հայաստանի տասը երեւելի նախարարներին եւ բանտարկում: Նախարարները, մտահոգված իրենց երկրի եւ ժողովրդի ճակատագրով, կեղծ ուրանում են եւ վերադառնում հայրենիք պարսկական մեծաթիվ զորքերով եւ մոգերով: Մոգերը պարսկական զորքի հետ փորձում են քանդել Անգղի եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ 70-ամյա Ղեւոնդ Երեցի առաջնորդությամբ ժողովուրդը դիմադրում է նրանց: Պարսիկների դեմ սկսվում է համաժողովրդական շարժում:
Ըստ Ավանդության, Սուրբ Վարդանանց տոնն անվանակոչության տոնն է բոլոր այն անձանց, ովքեր կրում են Վարդանանց զորավարների կամ զինվորականների անունները /Վարդան, Գարեգին, Խորեն, Տաճատ, Հմայակ, Վահան եւ այլն/: Հայ եկեղեցին Սուրբ Վարդանանց տոնը նշում է Բուն Բարեկենդանի նախորդ հինգշաբթի օրը, ի հիշատակ նաեւ 337 թվականին Պարսից տերության դեմ մղվող պատերազմում նահատակված հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանի եւ նրա զինակիցների, որը դեռեւս 4-րդ դարում Վրթանես Ա Պարթեւ կաթողիկոսն էր հաստատել:
Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում փետրվարի 23-ին կմատուցվի սուրբ պատարագ: