Ցմահները վերսկսել են հացադուլը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօրվանից 50 ցմահ ազատազրկման դատապարտված վերսկսել է իր հացադուլը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին նրանց հարազատները: Հոկտեմբերի 12-ից իրենց գործերի վերանայման պահանջով դատապարտյալներն հացադուլ էին սկսել եւ 10 կետից բաղկացած դիմում ուղարկել Սերժ Սարգսյանին: Սակայն հոկտեմբերի 22-ին տեղեկացրել էին, որ դիմումը հասցեագրվել էր Արդարադատության նախարարությանը: Նախարարությունը մեկ ամիս ժամանակ էր խնդրել՝ պատասխան տրամադրելու համար: Պատասխանից դժգոհ դատապարտյալները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց հացադուլը: «Մեկ ամիսը լրացրել է եւ ոչ մի պատասխան չկա: Մեր որդիները կալանավայրում են հացադուլ հայտարարել, մենք էլ մեր հետագա քայլերն ենք մշակում»,- ասաց ցմահ ազատազրկման դատապարտվածներից մեկի մայրը: Ցմահ ազատազրկվածների հարազատները մտադիր են ազատության մեջ հացադուլ սկսել եւ շուրջօրյա նստացույցներ անցկացնել Կառավարության եւ Արդարադատության նախարարությունների շենքերի դիմաց: