ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՔԻՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ
Աջակցիր «Ա1+»-ինՀայտնի ռաբիս երգիչ ու երգերի հեղինակ Արամ Ասատրյանը կուզենար, որ Հայաստանի օրհներգ դառնար իր երգերից մեկը. այսօր Ժուռնալիստների տանը ասուլիսի ժամանակ ասաց նա: «Առավոտ» օրաթերթը հոդված էր տպագրվել, որում նրան մեղադրել էր «Գրին քարտ»-երի հետ կապված խաբեության մեջ, եւ երգիչն այսօր ասուլիս էր հրավիրել` հերքելու այդ:
«Լսել եմ, ճիշտ է, բայց ոչ մի թերթ չեմ կարդացել: Դրա մասին չեմ էլ ուզում խոսել, թանկ է ժամանակը: Ո՞նց կարելի է մի բան անել, որը կապված է Միացյալ նախանգների հետ, որը «չոտկի» երկիր է: Դրանք բամբասանքներ են, ես էլ Գրին քարտ չունեմ, ոչ էլ երեխեքս»,- լրագրողների հարցին պատասխանեց Արամ Ասատրյանը: Այնուհետեւ, լրագրողներից կոպիտ արտահայտվելու թույլտվություն խնդելով, ասաց. «Շան տարի է, հաչում են, էլի»: Իսկ բամբասանքներ տարածողներին որակեց իբրեւ պարապ մարդիկ:
Արամ Ասատրյանն իրեն ուղղված բամբասանքների պատճառը համարում է ժողովրդի կողմից սիրված լինելը: Միաժամանակ ասուլիսի ժամանակ անընդմեջ կրկնում էր, որ իրեն ցույց չեն տալիս հեռուստաեթերով. «Լսեք, չլսեք, պետք է երգեմ»:
Արամ Ասատրյանը ընտանիքով ժամանակավոր ապրում է ԱՄՆ-ում, սակայն այնտեղ գտնվելը, ըստ նրա, ամենեւին էլ կապված չի եղել նախկին իշխանությունների հետ ունեցած կոնֆլիկտի հետ. «Երազանք եմ ունեցել տեսնել Ամերիկան: Ես բոլորին էլ հարգում եմ, ղեկավարների հետ էլ ի՞նչ գործ ունեմ»:
Մարտի 1-ից Արամ Ասատրյանը համերգներ է տալու Սոչի, Կրասնադար, Ռոստով եւ Ռուսաստանի այլ հայաբնակ քաղաքներում: Օգոստոսից համերգներ է տալու Հայաստանում:
Ի դեպ, ասուլիսի ժամանակ նա կրկնում էր, որ բարեգործություն է արել, որի մասին, չի ցանկանում բարձրաձայնել: Լրագրողների անընդհատ հնչող հարցին, թե ի՞նչ բարեգործություն, նա ասաց. «4-5 տղա ունեմ, որոնք երգում են, աշխարհով մեկ ճանաչում ունեն, սրանի՞ց էլ լավ բարեգործություն»: