ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ԳՐԱՆՊՐԻ»-Ն ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍԵՐՆ է
Աջակցիր «Ա1+»-ին«Ամբողջ աշխարհը զբաղված է ճաշակ զարգացնելով, իսկ մենք ճաշակավոր արվեստը ետ ենք մղում»,- այսօր արձանագրեցին շոու-բիզնեսներում ու էժանագին ակումբներում չերգող, հիմնականում հյուրախաղերով իրենց արվեստն աշխարհին ներկայացնող երգչուհիներ Աննա Մայիլյանն ու Շուշան Պետրոսյանը:
Վերջինս «Հայելի» ակումբում իր խիստ հիասթափությունն արտահայտեց այսօրվա «աստղերից» ու հեռուստաեթերից անընդհատ հնչող պրիմիտիվ երաժշտությունից. «Անընդհատ նույն երգերը, նույն երգերը, մելամաղձոտ, կորուսյալ սիրո մասին: Բոլորն իրար նման են, բոլորը նման են հագնվում, բոլորը նույն մարդու մոտ են գործիքավորում իրենց գործերը»,- այսօր պրոպագանդվող երաժշտությունն այսպիսի գույներով է տեսնում Շուշան Պետրոսյանը: Նրա համոզմամբ երգիչը պարտավոր է երգարվեստ իմանալ, ոչ միայն երգել կարողանա: Նա նաեւ խորհուրդ տվեց բոլոր «երգիչ-երգչուհիներին». «լսեք ոչ միայն այն, ինչ դուք եք երգում»: Շուշան Պետրոսյանն ու Աննա Մայիլյանը նկատեցին, որ խորհրդային շրջանում հայ երգարվեստի վիճակը շատ ավելի լավ էր, քան այսօր: Շուշան Պետրոսյանը հայտարարեց, որ հոգնել է սրա-նրա ընկերուհիներին բեմերում տեսնելուց. «Եթե մարդ կարող է եկեղեցի կառուցել, թող մի բեմիկ էլ կառուցի ու ընկերուհուն երգացնի, բայց պետք չի դա անել բոլորի աչքի առաջ»: Շուշան Պետրոսյանը եւ Աննա Մայիլյանը, որպես կանոն, քարոզչական ակցիաներին չեն մասնակցում, բայց չեն էլ մեղադրում նրանց, ովքեր «մի քանի կոպեկի համար» մասնակցուիմ են այդ ակցիաներին, իհարկե, խոսքը նրանց մասին չէ, ովքեր «անընդհատ պտտվում են իշխանության կողքին»:
Ինչո՞ւ մրցանակաբաշխություններում չկա Շուշան Պետրոսյանի անունը, երբ ժողովուրդը սպասում է նրան,- հարցին Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Իմ Գրանպրին հենց ժողովրդի սպասումն է»: Իսկ մրցանակաբաշխությանը չի մասնակցել իր կամքով, այն պահից, երբ հասկացել է, որ գնահատվում է ոչ թե կատարումը կամ երգը, այլ սրա կամ նրա ընկերուհին լինելու փաստը:
Ի դեպ, շատերին է հետաքրքրում, թե ինչու է Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու Անդրեն: «Երբ ինձ հարցրին, թե ում կուզեի, որ մասնակցեր Եվրատեսիլին, ասացի՝ Անուշ եւ Ինգա Արշակյանները, հետո մի պահ մտածեցի, իսկ ինչո՞ւ օրինակ ինձ չեն առաջարկել, ես իհարկե կմերժեի, բայց չեն էլ առաջարկել»,- ասաց Շուշան Պետրոսյանը: Ի դեպ, «Հայելի» ակումբի այսօրվա հյուրերը ներգրավված չէին նաեւ ՌԴ-ում Հայաստանի օրերի բացմանը: Այդ համերգից եւս երգչուհիները դժգոհեցին, նկատելով, որ միայն մեկ բարձրորակ կատարում եղավ. Բարսեղ Թումանյանի կատարումը: Երգչուհիները դժգոհեցին նաեւ մշակույթի նախարարությունից ու նաեւ նկատեցին, որ չեն ճանաչում այսօրվա նախարարին. «Երեւի իմ մեղքն է, որ չեմ ճանաչում»,- ասաց Աննա Մայիլյանը, «Ոչ, նրա մեղքն է, ով նշանակել է մշակույթի նախարարին»,- ընկերուհու սխալն ուղղեց Շուշան Պետրոսյանը եւ ավելացրեց, որ մշակույթի նախարարին պետք է ընտրեն մշակութային գործիչները:
Աննա Մայիլյանը կարծում է, որ հույս կա իսկական արվեսին հասնելու. պետք է վերադառնալ ակունքներին: Իսկ Շուշան Պետրոսյանի լավատեսությունը պայմանավորված է այլ բանով. «Հայաստանում կա անդերգրաունդային արվեստ, իմ լավատեսության հիմքը դա է»: «Հայելի» ակումբում որպես կանոն հանդիպում են ընդդիմախոսներ, սակայն այսօրվա երգչուհիներին միավորում էր լավ արվեստ ստեղծելու մտահոգությունը: