Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ վիրաբույժի գրքի օրինակները Հռոմի պապի քարտուղարը տարել է Վատիկան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
virabuyj-nkar

78-ամյա Մանուկ Մանուկյանը կյանքի 50 տարին նվիրել է բժշկությանը։ Փորձառու վիրաբույժն այժմ երիտասարդ բժիշկներին է սովորեցնում մասնագիտական գաղտնիքները։ Հիմա նա 4-րդ հիվանդանոցում է աշխատում։ «Վիրաբույժի կյանքը նպատակաուղղված և անվերջ պայքար է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասում է պարոն Մանուկյանը։ Բժշկությանը զատ, նա հասցրել է երկու գիրք հեղինակել։ Դրանցից մեկն ինքնակենսագրական է. «Իմ կյանքը» անվամբ։ Մյուսը ստեղծելը հոգու պահանջ է եղել. «Աստծո պատվիրանները և բնության գաղտնիքները» խորագրով գրքում բժիշկն ընդվզում է ներկա իրականության դեմ։ «Այս գիրքը գրելու գաղափարը ծագեց մի զարմանալի երազի ազդեցության տակ։ Կանգնած էի Սուրբ Էջմիածնի խորանի առաջ, աղոթում էի։ Հանկարծ խորանի պատը վերացավ, լուծվեց կապույտ երկնքին։ Իմ առջև հայտնվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, բարձրացրեց իր աջը և ասաց. «Օրհնյալ լինես»։ Կարճ ժամանակ անց այս երազի ազդեցության տակ ես թղթին հանձնեցի իմ խոհերն ու խորհրդածությունները»,-պատմում է նա։ Գրքում բժիշկը շեշտում է այն գաղափարը, որ մարդն իրավունք չունի խառնվելու բնությանը։ «Հիմա որոշ տղամարդիկ ամուսնանում են տղամարդկանց հետ, կանայք՝ կանանց հետ։ Նրանք դեմ են դուրս գալիս բնությանը։ Արարիչը, ստեղծելով մեր երկիր մոլորակն իր բոլոր ատրիբուտներով՝ ընդհուպ մարդը, ստեղծել է նաև ապրելու և բազմանալու հնարավոր բոլոր պայմաններն ու պարգևել հաճույքի երկու հիմնական ոլորտ. ուտելու համար՝ ստամոքս, բազմանալու՝ սեռական կյանք, որոնք մարդ կատարում է սիրով և ոչ հարկադրված։ Մարդն իր ստեղծման գործում ոչ մի լումա չունի, մինչև իսկ իր ինտելեկտը, հետևաբար բարոյական իրավունք չունի ընդդիմանալու իր իսկ Արարչին ու նրա պատվիրաններին»,-ասում է նա։ Ի դեպ՝ գիրքը թարգմանված է 7 լեզվով և բոլոր այդ լեզուներով գրքի օրինակները Հռոմի պապի քարտուղարը տարել է Վատիկան։ Պարոն Մանուկյանը նաև պրոֆեսիոնալ շրթհարմոնահար է։ Youtube-ում կարելի է գտնել բազմաթիվ տեսանյութեր, որտեղ նա նվագում է։