Հեմոֆիլիայի բուժման համար անհրաժեշտ դեղորայքի խնդիր կա
ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի, Արյունաբանների հայկական ասոցիացիայի եւ Հեմոֆիլիայով Հիվանդների Հայկական Ընկերության կողմից այսօր կազմակերպել էր սեմինար՝ «Հայաստանում հեմոֆիլիայի բուժօգնության խթանում» թեմայով: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, նախքան սեմինարի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հեմոֆիլիայի կենտրոնում գրանցված է շուրջ 300 հիվանդ, ու դեռեւս ունենք դեղորայքի խնդիր: Հեմոֆիլիայով հիվանդ յուրաքանչյուր անձի միայն դեղորայքային բուժումը տարեկան 40-50 ԱՄՆ դոլար է կազմում: Հեմոֆիլիայով Հիվանդների Հայկական Ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ կառավարությունը, ճիշտ է, ապահովում է դեղորայքով, սակայն ավելի մեծ չափաբաժնի կարիք կա. «Մեր ընկերությունը որպես հումանիտար օգնություն ներմուծում է ֆակտորներ, որպեսզի լրացնենք այն բացը, որը դեռ չի կատարվում կառավարության կողմից: Մեզ համար ամենակարեւորը հաշմանդամությունից խուսափելն է: Մեր հիվանդների 80 տոկոսը մանկուց հաշմանդամ է: Հաշմանդամությունից կարելի է խուսափել, եթե մինչեւ 18 տարեկանը պրոֆիլակտիկ բուժում իրականացվի»: