Ծիծեռնակաբերդում չեն ընդունել քաղաքապետարանի առաջարկը. Ծառերն էլի հատվում են
Ծիծեռնակաբերդի տարածքում շարունակվում են ծառահատումները: «Ա1+» հեռուստաընկերություն ահազանգած քաղաքացիները պնդում են, որ այդ տարածքում արդեն անցել են հաստաբուն ծառերի հատման աշխատանքներին ու ոչ ոք չի կարողանում պարզաբանել դրանք չորացած ու վնասված ծառեր են թե՝ ոչ: Տարածքի ծառերը հատող մարդիկ պնդում են, թե իրենք թույլտվություն ունեն Երեւանի քաղաքապետարանից՝ ծառերը հատելու համար: Այս հարցով «Ա1+»-ը դիմեց Երեւանի քաղաքապետարան, ինչին ի պատասխան քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին. «Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է համապատասխան թույլտվություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում չոր ծառերի հատման աշխատանքներ իրականացնելու համար՝ գարնանը նույն վայրերում նորատունկերով լրացնելու պայմանով։ Հիմնականում հատվել են թեղի և բարդի տեսակի չոր և վթարային ծառեր։ Առաջարկվել է ծառերի սանիտարական հատման աշխատանքները դադարեցնել մինչև գալիք տարվա մայիս ամիսը»։ Հաշվի առնելով, որ այսօր Ծիծեռնակաբերդում դեռ հատման աշխատանքները շարունակվում էին, ամենայն հավանականությամբ, այնտեղ, քաղաքապետարանի առաջարկը չեն ընդունել: