Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՇՏ Է ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ

Մշակույթ

Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի նախաձեռնությամբ «Քենդուքո» անգլիական պարային խումբը, որը ինտեգրացված պարային կրթության տարածողն է, արդեն հինգ օր է՝ սահմանփակ կարողություններով երիտասարդներին սովորեցնում է պարել:

«Մի խմբի մեջ սովորում են եւ նորմալ, եւ սահմանափակ կարողություններ ունեցող երիտասարդներ, որոնց չի պարտադրվում կատարել որեւէ պարային շարժում, այլ միայն ուղղություն ենք տալիս, որից հետո նրանք յուրովի ներկայացնում են պարն այնպես, ինչպես զգում են»,- ասաց պարուսույց Սթին Նիլսենը:

«Քենդու» անգլերենից թարգմանաբար նշանակում է «Կարող ես անել»: Խմբում կա 20 երիտասարդ, որոնց մեծ մասն ունի հատկապես լսողական խնդիրներ: «Լսողական խնդիրներ ունեցող երիտասարդներին ավելի շատ օրինակներ ենք ցույց տալիս, թեեւ պարային լեզուն ավելի հեշտ է ընկալել՝ միայն շարժումներ եւ յուրաքանչյուրը յուրովի, իր ձեւով կարող է այն ներկայացնել՝ մեկը նստած, մյուսը՝ կանգնա»,-ասաց պարուսույց Բետտինա Կարպին:

«Քենդուքո» պարային խումբը ստեղծվել է 1991թ. եւ արդեն հասցրել է լինել աշխարհի շուրջ 50 երկրներում: Այն իր մեջ ներառում է դասսական եւ ժամանակակից բալետի էլեմենտներ, եւ ամեն պարուսույց ինքն է որոշում յուրաքանչյուր պարի ներկայացման ոճը, թեման:

Ոտքերի խնդիրներ ունեցող 17-ամյա Աննան, որը պարուհիներից մեկն է, հավաստիացնում է, որ պարն իրեն օգնում է ավելի ճկուն լինել ու հեշտ տեղաշարժվել. «Դուք չեք կարող դա հասկանալ. ձեզ համար դա սովորական է: Ես հասկացա, որ ամեն դեպքում պետք է կարողանալ ներկայանալ իբրեւ անհատ, ինքդ քո մեջ կարողանաս հաղթահարել բարդույթները: Այդ դեպքում բոլորը քեզ կվերաբերվեն իբրեւ հասարակության լիարժեք անդամ»:

Վաղը նրանք կներկայանան համատեղ բեմադրությամբ, որի ժամանակ մի ընդհանուր պատմության մեջ երիտասարդներից յուրաքանչյուրը հանդես կգա պարի իր մեկնաբանությամբ:

Ի դեպ, ասուլիսի ժամանակ եւս նրանք անցկացնում էին իրենց փորձերը:Պարային խումբը համագործակցում է նաեւ «Հույսի կամուրջ» եւ «Կամք ու կորով» ՀԿ-ների հետ, որոնց անդամակցում են նաեւ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողները: