Օպերայում տեղի ունեցածը սկանդալ չէ. Սերգեյ Սմբատյան (տեսանյութ)
2016 թվականի հունվարի 25-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կտոնի իր 10-ամյակը ու կներկայանա իր նոր անունով: Սակայն փակագծեր նրանք դեռ չեն բացում: Իսկ այսօր ամփոփելով 2015-ը՝ նշում են, որ այն հագեցած ու լեցուն տարի էր. «Մենք ամբողջ տարի ամենաակտիվ նվագախմբերից ենք եղել եւ հնչեցրել ենք այն, ինչ կարծում էինք, որ պետք է հնչի: Մենք սպասված հյուր ենք եղել նաեւ արտասահմանում, հանդես ենք եկել բազմաթիվ հայտնի բեմերում»,- ասում է նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Անդրադառնալով Օպերային թատրոնի կառուցվածքային փոփոխություններին և քննարկումներին, թե այնտեղ գլխավոր դիրիժորի պաշտոնում կարող է հենց Սմբատյանը փոխարինել Կարեն Դուրգարյանին, նա ասաց, որ չի պատկերացնում իրեն նվագախմբի թիմից դուրս. «Եթե նման ցանկություն ունենամ, կարող եմ ասել, նույնիսկ նման կասկածն ինձ որպես անձի, երաժիշտի վիրավորում է: Երիտասարդական նվագախումբն ունի շատ անելիքներ, չեմ պատկերացնում, որ չլինեմ այդ թիմի մեջ»։ Ըստ Սմբատյանի, այն, ինչ տեղի է ունենում Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սկանդալ չէ, որովհետև, դիրիժորի կարծիքով՝ սկանդալը պետք է երկու կողմերի բախումը լինի. «Հայաստանում խնդիր կա, որ մենք չենք տարանջատում այն, ինչ կարելի է մտածել և ինչ հնչեցնել: Կառուցվածքային փոփոխություններ են եղել օպերային թատրոնում, որը ղեկավարում է հայազգի պարծանք Գեղամ Գրիգորյանը: Թատրոնն ունի ճիշտ սկզբունք, ես ինձ իրավունք չեմ վերապահի քննարկել այն մարդկանց որոշումը, ում նկատմամբ անհավանական հարգանք ունեմ»: Սերգեյ Սմբատյանը հավելեց, որ ամեն մարդ պետք է իր խոսքի տերը լինի, բայց նաեւ իր լռության տերը լինի, ինչպես եւ վարվում է ինքը: