Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու ամիս տնից հեռու՝ հանուն իշխանափոխության (տեսանյութ)

Քաղաքականություն
rrr

Բուժականցի 23-ամյա Սևակ Մանուկյանը վերջին երկու ամսվա ընթացքում ոչ մի օր տանը չի անցկացրել։ Հանուն իշխանափոխության Ազատության հրապարակում պայքարում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմում։ «Չեմ կարող անտարբեր լինել, դա ուղղակի արգելված է, մտածում ու կարծում եմ, որ ամեն մարդ պարտավոր է լինել այնտեղ, որտեղ կա ժողովրդական խնդիր»,- ասում է նա։ Արդարությունը վերահաստելու ցանկությունն է նրան բերել հրապարակ, քանի որ իր երազած Հայաստանում ամեն ինչ այլ է՝ ժողովուրդը գիտակցում է՝  ինչ գաղափարներ է ժառանգել ու, որ պարտավորվել  է դրանք պատվով կրել։ «Կա՞ այդպիսի մարդ, որ չի ենթարկվել սրանց նենգ խաղերին, չկա՛, անհնար է, ես չեմ տեսնում, չեմ գտել, իսկ այդ անարդարության հետ համակերպվելը ուղղակի վայել է մենակ ստրուկին, ո՛չ ազատին, ո՛չ հերոսին, ու ես չեմ կարող, չեմ կարող համակերպվել»։ Ինքը չի հասկանում այն մարդկանց, որոնք ոչ միայն իրենց կողքին չեն, այլ որոշ դեպքերում խանգարում են համընդհանուր բարօրության համար պայքարողներին: Սակայն վստահ է՝ հաստատ իրենց սատարողների թիվը շատ շուտով ավելանալու է… Սևակը նշում է. «Սա դանդաղ մահ է, իսկ եթե մեռնելն է, մենք նախընտրում ենք պատվով մեռնել, երկու դեպքում էլ ես հաղթող եմ լինելու. մի դեպքում, որ տեսնելու եմ իմ երազած Հայաստանը, մյուս դեպքում, որ մյուսների պես չեմ քնել»։ Հայաստանի ապագայի շուրջ  քննարկումների մշտական մասնակիցներից է 49-ամյա Խաչիկ Ասատրյանը, ով իրեն 25 տարվա ընդդիմադիր է ներկայացնում։ «Ես գալիս եմ, որովհետև մեր ժողովուրդը լավ չի ապրում, որովհետև ես ինքս լավ չեմ ապրում, եթե ես լավ ապրեի՝ չէի գա. Կգայի զբոսնելու, բայց գալիս եմ պայքարելու»։ Հաջողություն չգրանցելը նրան չի ընկճում, սակայն մի բան զարմացնում է՝ այսքան դժվարություններ կրող ժողովուրդն ինչպես է  դեռ դիմանում։ «Ասում եմ կարող է՝ իմ ժողովուրդը մի օր հավաքվի ու իր հարցերը լուծի, մենք պետք է գնանք այս իշխանությանն ասենք՝ դուրս արի այստեղից»,- Խաչիկի համոզմունքն է։ «Նոր Հայաստանին» «Ժառանգություն» կուսակցությունը անդամակցել է՝ հստակ պատճառներով. «Անհրաժեշտ է միավորել ջանքերը, կուսակցական դրոշները վայր դնել, և, քանի որ Հայաստանի ապագայի համար վճռորոշ պահ է, միասնական ջանքերով այս աղետալի վիճակը կանգնեցնել»։ Դրված նպատակներին հասնելու համար շարժումը համակիրների պակաս չունի, սակայն խանգարող հանգամանք, այնուամենայնիվ, կա: Ամեն Մարտիրոսյանը նշում է. «Մենք պետություն չենք թալանել, պետական միջոցները չենք յուրացրել, ապօրինի բիզնեսով չենք զբաղվել և բնականաբար՝ ֆինանսական ռեսուրսները շատ նվազ են»։ Ի դեպ, «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները մշակում են իշխանափոխությունից հետո անցումային կառավարություն ստեղծելու մասին փաստաթուղթը, որը կներկայացնեն հունվարի 22-ի հանրահավաքում։