Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե մենք չփոխենք մեր մոտեցումը, լինելու է առյուծի գրիպ» (տեսանյութ)

Հասարակություն
Karine-nkar

«Մենք մեր ձեռքերով Երևանի ամբողջ պատմությունը ոչնչացնում ենք: Այն վնասը, որ անկախության տարիներին հասցրինք մեր երկրին, ոչ մի ժամանակ չի արվել»,-Զվարթնոցի ապամոնտաժման կապակցությամբ այսօր նշեց Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Նա հիշեցրեց մեկ այլ օրինակ. «Սպայի տունը հաճույքով ոչնչացրինք, որտեղ օպերաների պրեմիերաներ են եղել, հիմա բիզնես կենտրոն է դարձել: Մեզ մոտ բիզնեսը մտավ կենտրոն և ոչնչացրեց ամեն ինչ»: Հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ այս քայլերի հետևանքներից խոսեց. «Հերթով վերացնելով գնում ենք և մշակութային ազգից վերածվում ենք քոչվոր ցեղի»: Խոսելով մեկ այլ հրատապ թեմայից՝ խոզի գրիպի տարածումից, Կարինե Դանիելյանը էկոլոգիական տեսանկյունից բացատրեց խնդիրը. «Գիտնականները հայտարարել են, որ մարդկությունը պայքարի է դուրս եկել բնության դեմ, որի պատասխանը լինելու է: Մենք անընդհատ նոր հիվանդություններ ենք ունենալու: Միակ փրկությունն էկոլոգիական մշակույթն է: Մինչև մենք չփոխենք մեր մոտեցումը՝ լինելու է առյուծի գրիպ, չգիտեմ՝ էլ ինչ տարբերակ»: Իսկ Կարինե Հակոբյանն ընդգծեց. «Հիվանդանում են, հետո նոր Առողջապահության նախարարությունը սկսում է դեղամիջոցներ ու պատվաստանյութեր բաժանել: Դա չէ նախարարության գործառույթը: Պետք է կանխարգելիչ միջոցառումներ լինեն»: Բանախոսներն անդրադարձան նաև Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությանն առ այն, որ Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներին չեն կոտորել: «Ինձ համար շատ զարմանալի էր Կիրիլի հայտարարությունը: Նա խելացի, զարգացած մարդ է: Միակ ցավս այն է, որ այս ամենից պետք է եզրակացնել, որ մենք այդպես էլ չենք կարողանում չլինել խաղաքարտ՝ մեծ տերությունների ձեռքին»,-ասաց Հանրային խորհրդի անդամը: Իսկ Կարինե Հակոբյանը շեշտեց. «Ազգային ինքնագիտակցությունն իջեցված է ամենացածր մակարդակի: Այնպես ենք խեղճացել, չգիտենք՝ մենք ով ենք, իրենք՝ ով են»: