«Եթե Ադրբեջանը չպատասխանի, ուրեմն ընդունում է իրեն վերագրվող խոշտանգումները»
«Ադրբեջանական կողմին կոնկրետ հարցեր են ուղղվել՝ Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների վերաբերյալ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել 2014 թվականին Ադրբեջանի կողմից գերեվարված, ազատ արձակվելուց մի քանի ամիս հետո մահացած Մամիկոն Խոջոյանի խոշտանգման եւ նրա նկատմամբ վատ վերաբերմունքի գործը: Փաստաբանն ընդգծեց, որ սովորաբար ավելի երկար են տևում նման գործընթացները, սակայն այս դեպքում ՄԻԵԴ-ը բավականին արագ է վարույթ ընդունել: Ադրբեջանը պետք է մինչև մարտի 8-ը գրավոր ներկայացնի առաջադրված հարցերի պատասխանը: Արդյո՞ք այդ երկիրը կարող է խույս տալ պատասխանից. «Դա բացառվում է, քանի որ այդ երկրի շահերից է բխում պատասխանելը: Եթե չպատասխանի, նշանակում է՝ ընդունում է իրեն վերագրվող խոշտանգումները»,-շեշտեց Քրիստինա Գևորգյանը : Հնարավոր է՝ Ադրբեջանն առարկություններ ներկայացնի այս հարցերի շուրջ: Այդ դեպքում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ն, որն այս խնդիրը կարգավորում է հայաստանյան կողմից, կմշակի հետագա գործողությունների ծրագիր: