Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓՈՂ ՏՎՈՂՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԵՐԿՐՈՐԴՆ Է

Տնտեսություն

1995-2005թթ. Գերմանիան Հայաստանին տրամադրել է մոտ 195 միլիոն եվրո, ինչը մեծությամբ երկրորդն է բոլոր երկրների ու միջազգային կազմակերպությունների տրամադրած գումարների համեմատ: Երկու օր Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ներկայացուցիչ Ռոլֆ Բալդուսը խորհրդակցել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ եւ այսօր հայտարարեց, որ որ ցնցված է հայ գործընկերներից ստացած բարձր գնահատականից: Գերմանական կողմը գոհ էր, որ մեր երկիրը նպատակային է ծախսում իր ֆինանսական հատկացումները:

Նոր գումարների մասին այս օրերին գործընկերները չեն խոսել, կխոսեն հաջորդ տարի Երեւանում նախատեսված կառավարական բանակցությունների ժամանակ: Սակայն նախարարությունը ներկայացրել է 8 կետերից բաղկացած ծրագիր, որ ֆինասավորման համար ուրախ կլինեին:

«Գերմանիան միակ պետությունն է, որ Հայաստանին տրամադրած գումարները ուղղում է կոնկրետ ծրագրերի, ոչ թե ընդլայնված, ինչի արդյունավետությունն ավելի ցածր է լինում»,- Ռոլֆ Բալդուսի հետ համագործակցության մասին արձանագրության կնքումից հետո հայտարարեց նախարար Վարդան Խաչատրյանը: Այնուհետեւ նա մանրամասնեց ասելիքը, թե դա պայմանավորված է եղել «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր» չունենալու հանգամանքով, երբ մինչ դրա ընդունումը դոնոր պետություններն ու կազմակերպությունները իրենք են որոշել, թե հատկացրած գումարները ինչ ուղղությամբ պետք է ծախսվեն: Իսկ այսօր, այդ ծրագրով, առաջնահերթությունները ֆիքսված են:

Նախորդ տարի եղել է ԳԴՀ վերջին խոստումը՝ Հայաստանին տալ 25 մլն եվրո: Նախատեսված էր դրանից 6 մլն-ը հատկացնել հիպոթեքային վարկավորման նպատակով, սակայն, նախարարի տեղեկացմամբ, այդ գումարի չափը կարող է կրկնապատկվել: «Մեր նպատակն է՝ օգնել Հայաստանի կանանց եւ տղամարդականց, որ ավելի լավ ապրեն, ապահովել կայուն զարգացում, բարելավել հոսանքի եւ ջրի մատակարարումը»,- այսօրվա մամուլի ասուլիսում իր երկրի անունից ասաց Ռոլֆ Բալդուսը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ուզում են գումարներ հատկացնել «հայաստանյան շենքերում կյանքի պայմանների բարելավման եւ համատիրությունների ակտիվացման» համար: Գերմանիայի նախարարության ներկայացուցիչը խոստացավ մեր համայնքապետերին գործուղել իրենց երկիր, որպեսզի նրանք ծանոթանան թափոնների կառավարման մեթոդներին:

Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում իրականացվում է անդրսահմանյան՝ «կովկասյան նախաձեռնություն» ծրագիրը: «Անդրսահմանյան» տերմինը այսօրվա գերմանացի հյուրինն էր, ով տեղեկացրեց, թե Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են բնապահպանական ծրագրի տակ, ինչը ենթադրում է ազգային պարկերի կամ արգելանոցների ստեղծում: Նրա հայ գործընկեր, սակայն մեկ այլ լուր հայտնեց. նախորդ տարի Ադրբեջանը չի ստորագրել «Ապահովագրական ծրագիրը», եւ ԳԴՀ հատկացրած 15 մլն եվրոն երեք տեղով բաժանելու փոխարեն երկու մասնակից պետությունները հավասար կիսել են իրար միջեւ: