«Միակ դերասանը, որի հետ վախենում էի բեմ դուրս գալ, Վարդուհի Վարդերեսյանն էր»
35 տարի բեմում. ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանը կերտել է Գրիգոր Լուսավորիչ, Կոմիտաս, Պաղդասար Աղբար, Գարեգին Սիսակյան եւ այլ շատ կերպարներ, նկարահանվել է «Տիկնիկ Ամալյայի համար», «Տերտերը», «Դաշնամուրը» ֆիլմերում, բեմադրել է այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են Չ.Դիքենսի «Դեյվիդ Կոպերֆիլդ»-ը, Վ.Այգեկցու «Խելոքներն ու հիմարները», Օ.Բոգաևի «Ճանապարհ դեպի ներքև» եւ այլն:
«Ա1+»-ը զրուցեց դերասանի հետ:
-Պրն Հովհաննիսյան, կպատմե՞ք՝ ինչպես սկսվեց ձեր ստեղծագործական ուղին:
-Հիշում եմ՝ երբ հինգ տարեկանում առաջին անգամ գնացի թատրոն, թատրոնը ինձ համար կարծես մի հեքիաթ լիներ, դիտեցի Րաֆֆու «Ոսկե աքաղաղը» ներկայացումը: Այն այնքան ինձ դուր եկավ, այնքան ցանկացա լինել թատրոն կոչված այդ հեքիաթում, լինել նրա մի մասը, ինչը ինձ համար թերեւս արդեն երազանք էր: Դպրոցական տարիներին, ճիշտ է, անդամակցում էի մի քանի խմբակների, բայց հաճախ էի տատանվում՝ մե՛կ շատ էի ուզում, մե՛կ այլեւս չէր հրապուրում, բնավորությամբ մի քիչ պարփակված էի, սկսել էի խուսափել մասսայական ելույթներից, բայց ժամանակի ընթացքում հաղթահարեցի բարդույթներս: Չունեի ընտրած որեւէ կոնկրետ մասնագիտություն, փորձում էի տարբեր ոլորտներ, նույնիսկ մի անգամ խորհուրդ տվեցին մտածել կոնսերվատորիայի մասին, ասում էին՝ լավ ձայն ունեմ, սակայն տանեցիները դեմ էին, սահմանափակ միջոցներն էլ ստիպեցին հետ կանգնել այդ մտքից: Լավ, ասացի, փորձեմ Գյումրու գեղարվեստի ուսումնարան ընդունվել, այնտեղ ձեռք բերեցի նկարիչ-մետաղադրվագողի մասնագիտություն: Սակայն իմացա, որ մեր պետական թատրոնում ինչ-որ ստուդիա կա, դասերն են երեկոյան ժամերին են, մտածեցի՝ կգնամ, աշխատանքին զուգահեռ այնտեղ էլ կսովորեմ, գնացի ու թերեւս վարակվեցի այդ սուր վարակիչ հիվանդությամբ՝ թատրոնով: Սակայն սրանով չէի ուզում բավարարվել, ուզում էի բարձրագույն կրթություն էլ ստանալ, սակայն ընդունելությունը անչափ դժվար էր, հարյուրավորներից ընտրում էին միայն մի քանիսին, դե, քանի որ ստուդիան ինձ դերասանի որակավորում էր տվել, ես էլ որոշեցի հեռվից սկսել, գնացի Կապանի պետական դրամատիկական թատրոն, այնտեղ աշխատեցի 5 տարի, սակայն ամեն դեպքում ինձ թվում էր՝ մի բան կիսատ է, միայն ստուդիայում ստացած գիտելիքներս քիչ էին, չնայած, որ հրաշալի մարդիկ էին դասավանդել՝ Հրաչուհի Ջինանյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Սիրվարդ Մեսրոպյանը եւ այլք: 1993 թվականին էլ նպատակադրված ընդունվեցի Երեւանի թատերական արվեստի պետական ինստիտուտ, դրան էլ զուգահեռ արդեն աշխատում էի Գյումրու պետական դրամատիկական թատրոնում:
-Իսկ ի՞նչ դժվարություններ եք ունեցել այդ ճանապարհին:
-Դե, հատկապես դժվար էր սկզբնական շրջանում: Իմ առաջին՝ Նար-Դոսի «Սպանված աղավնի» ներկայացման ժամանակ, որտեղ մարմնավորում էի Գարեգին Սիսակյանին, անչափ հուզվեցի, ընդհուպ տեքստն էլ մոռացա, ընկել էի մի տեսակ տարօրինակ վիճակի մեջ, դե, առաջին ներկայացումն էր, 20 տարեկան էի, ի վերջո, այդպիսի դեր էր վստահված: Մի կերպ այդ վիճակից դուրս եկա, ներկայացումից ներկայացում հղկվում էի, հունի մեջ էի մտել արդեն, երբ 1988 թվականի երկրաշարժը վրա հասավ: Ասացի, որ նպատակ ունեի բարձրագույն կրթություն ստանալ, սակայն երկրաշարժի պատճառով այն մղվեց երկրորդական պլան, շատ էի ցանկանում ընդունվել ինստիտուտ, քանի որ համոզված էի՝ ինչքան էլ բնատուր շնորհք ունենա դերասանը, դա բավարար չէ, պետք էր նաեւ գիտելիք ստանալ: Բացի դրանից, այդ ժամանակահատվածում ոլորտային սերնդափոխություն էր տեղի ունենում, իսկ ավագ սերունդը շատ դժվարությամբ էր զիջում իր տեղը երիտասարդներին, այդ իսկ պատճառով դժվար էր առաջ գնալը:
-Թատրոնում աշխատելը շա՞տ ժամանակ էր խլում, ինչպե՞ս էիք համատեղում մասնագիտականն ու անձնականը:
-Թատրոնը եսասեր է. կա այսպիսի մի հասկացություն, որ թատրոնը իր բնույթով կին է, խանդում է, երբ որ միմիայն իրեն չես հատկացնում ժամանակ, երբ ուրիշին ես սիրում: Երբեմն շատ էի տրվում աշխատանքիս, հիմա նույնպես: Կինս համբերությամբ սպասում է, երբ կվերադառնամ, իսկ երբ տանն եմ, համարյա ամբողջ ընթացքում մտովի գնում եմ թատրոն, կերպարիս հետ եմ, տեքստն եմ վերլուծում: Երեկոները մեզ մոտ գրեթե ամբողջությամբ դադարներ են հեռուստացույցի ձայնի ուղեկցությամբ: Եղել է ժամանակաշրջան, որ կինս դժգոհում էր, ըմբոստանում էր, սակայն արդեն երկար ժամանակ է անցել, մենք համակերպվել ենք: Կինս իմ առաջին քննադատն է. ասում է՝ որ հատվածը լավ ստացվեց, որտեղ պետք է ավելի լավ աշխատել:
-Պրն Հովհաննիսյան, ըստ Ձեզ ի՞նչ կարեւոր հատկություններով պետք է օժտված լինի դերասանը:
-Թատրոնը ռենտգեն է, այնտեղ հստակ երեւում են դերասանի եւ՛ առավելությունները, եւ՛ թերությունները: Կարեւորը՝ չհանձնվելով, պայքարելով, ամենօրյա աշխատանքի միջոցով ուղղել այդ թերությունները, հաստատվել բեմում: Դերասանը նաեւ պետք է նախաձեռնող լինի. եթե պարզապես սպասես բեմադրող-ռեժիսորի հրահանգներին, կմնաս այնպիսին, ինչպիսին սկզբում էիր. եթե ամեն օր նույն բանը անես, այդ դեպքում էլ կդառնաս անհետաքրքիր: Այս ոլորտում կարեւոր է աշխատել, աշխատել եւ կրկին աշխատել, լինել շրջահայաց լինի, գրագետ, շատ կարդալ: Աշխարհը անչափ արագ է շարժվում առաջ, պետք է համապատասխանել նրան, համընթաց քայլել: Դա շատ կարեւոր է ինձ համար, հատկապես որովետեւ ես ընտրեցի նաեւ բեմադրող-ռեժիսորի մասնագիտությունը, ինչը պահանջում է ավելի շատ ջանքեր հատկապես այս ժամանակահատվածում:
-Իսկ բեմում այլ դերասանների հետ համագործակցությու՞նը:
-Իհարկե, թատրոնը ինքնին կոլեկտիվ արվեստ է, յուրաքանչյուր մարդ, էլեմենտ իր ներդրումն ունի, ի վերջո, ամեն դերասան հոգու մի մասն է դնում ներկայացման մեջ: Եթե որեւէ մեկը դուրս լինի այդ ամբողջից, թերանա, ներկայացումը չի ստացվի: Ունեցել եմ տարբեր խաղընկերներ, որոնց մասին միայն կարող եմ լավ բաներ ասել, որոնց հետ շատ հեշտությամբ եմ համագործակցել: Թերեւս միակ դերասանը, որի հետ վախենում էի բեմ դուրս գալ, Վարդուհի Վարդերեսյանն էր: «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացումն էր, հիշում եմ՝ վախվորած էի մտնում փորձասենյակ, սակայն այնտեղ տեսա մի այլ մարդու, այլ ստեղծագործողի, այլ ընկերոջ, ով ինձ շատ օգնեց, կարծես մի միամիտ երեխայի ձեռքից բռնեց ու ուղղորդեց: Ինձ բախտ է վիճակվել նաեւ բեմում կանգնել Մհեր Մկրտչյանի կողքին, զգալ ու գիտակցել այդ մարդու մեծությունը:
-Դերասանի համար կարեւոր է նաեւ հանդիսատեսի արձագանքը, աջակցությունը, ինչպիսի՞ն է գյումրեցի հանդիսատեսը:
-Նրա հետ շատ դժվար է աշխատելը, գյումրեցի հանդիսատեսը շատ խստապահանջ է, մանավանդ այսօր, երբեմն չես էլ զգում՝ ինչ է ուզում քեզանից, բայց հենց երակը բռնեցիր, արդեն հանգիստ կարող ես շարունակել: Փառք Աստծո, մեր հանդիսատեսը վերադարձավ, այն մի պահ հեռացել էր մեզնից, իսկ այժմ ուրախ եմ, որ մեր դահլիճները լիքն են, տոմսարկղերի մոտ շատ մարդկանց կարելի է տեսնել: Նախքան թատրոն մտնելը, մարդիկ թերեւս սովորական ամբոխ են, ներկայացման վերջում, երբ դու ստիպում ես նրանց մտածել, հարցադրումներով դուրս գալ թատրոնից, այդ պահից կարելի է նրանց համարել իսկական հանդիսատես:
-Կհիշե՞ք ինչ-որ հետաքրքիր դիպված ձեր ստեղծագործական կյանքից:
-Այնքան շատ են այդպիսի դիպվածները. ո՞ր մեկը հիշեմ. թերեւս սա. դե՛, գիտենք, որ գյումրեցի հանդիսատեսը շատ կտրուկ է արտահայտվում: Սոֆոկլեսի «Անտիգոնե» ներկայացման ժամանակ, երբ մթության մեջ բեմ պիտի դուրս գայի, լույսը անմիջապես գցեցին դեմքիս ու բարձր բղավեցի` Պոլինիկես, լռության մեջ մեկը դահլիճից բղավեց՝ «Քա, գրող, լեղապատառ էղանք»:
Հիշում եմ «Ալվան ծաղիկ» ներկայացումը, որտեղ հրեշի կերպարն էի մարմնավորում, իսկ Անահիտ Քոչարյանը Նաստինկան էր: Դե, կերպարը ստանալու համար նաեւ գլուխս, դեմքս էինք ինչ-որ շորերով փակել, ստացել էինք իսկական հրեշի կերպար, եւ դիմացս աղոտ էի տեսնում, բնականաբար հենց այդ օրը պետք է մոռանային բեմից տանել նավը, ես էլ դե չտեսա, վերջը գնացի, ընկա նավի վրա, ահագին վնասվեցի, դեմքս մի փոքր արյունոտվել էր, շորերս փոշոտվել, բեմից էլ Նաստինկան էր բղավում, ես բեմի մի հատվածում կանգնած կամացուկ ասում էի. «Անո՛, սու՛ս, վիճակս հեչ լավ չէ», իսկ երբ ամեն ինչ մի կերպ կարգավորեցինք, երբ հասա Նաստինկային, եւ հրեշը պետք է գեղեցիկ արքայազնի վերածվեր, բացեցի դեմքս ու դահլիճից կրկին մեկը բացականչեց. «Իա, էս էր հա սիրունը»:
-Դուք դասավանդում եք նաեւ Գյումրու գեղարվեստի ակադեմիայում, ինչպիսի՞ն է դերասանների այժմյան սերունդը:
-Այսօրվա սերունդը ավելի լայն մտահորիզոն ունի, բաց է, մենք ավելի փակ ժամանակահատվածում ենք ստեղծագործել, իսկ այսօրվա սերունդը շատ հնարավորություններ ունի: Սակայն դրան զուգահեռ նաեւ ծույլ է, չի սիրում շատ աշխատել . երիտասարդները կարծես ամեն ինչ միանգամից, պատրաստի են ուզում: Երբեմն երիտասարդներ կան, որ գալիս ես այստեղ սերիալի իրենց սիրված կերպարին նմանակելով, ցանկանում եմ սերիալի դերասան դառնալ, ինչին ես կողմ եմ, դա էլ է նրանց մասնագիտությունը, սակայն եթե անում են, թող որակով, ճիշտ անեն, մեկն էլ գալիս է, որովհետեւ հարեւանուհին ասել է՝ լավ տնազ ես անում. մի խոսքով, շատերին թվում է, որ սա խաղուպար է, սակայն երբ մտնում են այստեղ, բախվում են այլ իրականության՝ թատրոնի գիտական մեկնաբանությանը, տեսությանը, սարսափում են: Այդ իսկ պատճառով, ուսանողները հատկապես առաջին կուրսի առաջին կիսամյակը շատ ծանր են տանում: Բայց հեշտությամբ եմ աշխատում այս սերնդի հետ, միմյանց հասկանում ենք, չեմ խոսում նրանց հետ դասախոսական դիրքերից, ոչ որպես կուրսղեկ, քանի որ արվեստը այլ մոտեցումներ եւ չափանիշներ ունի, արվեստում ճշմարտության որոնման ճանապարհին ամեն ինչ վերանում է, միեւնույն նպատակներ ունեցող մարդիկ միախառնվում են:
Զրուցեց Սյուզի Մուրադյանը