Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի կարելի խլել ուղղվելու հնարավորությունը. ցմահ դատապարտյալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկված դատապարտյալները դիմում են իշխանություններին՝ վերանայել իրենց քրեական գործերը: «Օրենքը կա, բայց չի գործում: Մենք սկսեցինք հացադուլ անել, շատերի մոտ այնպիսի մի կարծիք սկսվեց, որ ցմահներն ուզում են ազատվել: Բայց այդպես չի, մեր ուզածը այն ա, որ խմբերի բաժանեն, այստեղ անմեղից մինչև ցմահ մարդ կա»,- ասում է ցմահ դատապարտյալ Արմանը: Քրեակատարողական հիմնարկի  տեսակցությունների սենյակում  Արման Հայրապետյանը  ներկայացնում է  ցմահ ազատազրկվածներին մտահոգող խնդիրները։  Իրենց գերակշիռ մասը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2011 թվականից առաջ, երբ առավելագույն պատժաչափը 15 տարին էր ու դատավորները որպես խիստ պատիժ ցմահ ազատազրկման էին դատապարտում: Օրենքի փոփոխությունից հետո արդեն երբ առավելագույն պատժաչափը 20 տարի է, միայն մեկ հոգի է ցմահ դատապարտվել: Արմանը նշում է. «Իմ հետ մարդ կա նստած, իրան 17 տարի են դատել, բայց ցմահ են տվել, հիմա ինչքանո՞վ է ճիշտ, որ երկու տարվա համար մարդու ամբողջ կյանքը կործանվի» «Եթե էն ժամանակ դատավորն ուզում էր ինձ տալ 16 կամ 17 տարի, չէր կարա, ստիպված ցմահ էր տվել»,- ասում է Վաղարշակը: Քիչ չեն հատկապես այն ցմահ դատապարտյալները, որոնք հանցագործությունը կատարել են մինչև 21 տարեկան դառնալը: Արմանը պնդում է՝ այդ տարիքում անձը ոչ լիարժեք է գիտակցում իր գործողությունները ու չի կարելի նրանից խլել  ուղղվելու հնարավորությունը: «Մինչև 21 տարեկանը հասունացած չի, բայց  դատարանները մինչև ցմահ են կարդում։ Ոչ մեկ ապահովագրված չի, մարդ ենք: Հիմա ով ինչ արել Է՝ իր արածի համար պատասխան Է տվել»։ Խնդիրների ու պահանջների մասին ցմահ դատապարտյալները 10 կետանոց նամակով տեղեկացրել են Սերժ Սարգսյանին, սակայն պատասխան չեն ստացել: Ժամանակ առ ժամանակ հացադուլով են իրենց մասին հիշեցնում՝ հստակ քայլերի ակնկալիքով: «Սա հեշտ հարց չի, բարդ հարց է, բայց պետք է զբաղվել դրանով, պետք չի անտեսել, պետք է ընդամենը քաղաքական կամք, մենք էլ հույսով ենք թե նախագահից թե կառավարությունից, ովքեր որ զբաղվում են մեր հարցով, հույսով ենք»,- ասում է Վաղարշակը: Հացադուլների արդյունքում տարբեր պաշտոնյաներ են այցելում այստեղ, սակայն բարձրացրած հարցերը պատասխաններ չեն ստանում: «Ով գալիս է այստեղ ասում է՝ իմ իրավասության մեջ չի։ Թող գա այն մարդը, ում իրավասության մեջ մտնում է այս հարցերը։ Մարդիկ արդեն հասկանում են, որ մեզ չի կարելի խաբել, գալիս ասում են՝ չենք ուզում ձեզ հույս տանք, բայց կաշխատենք այդ հարցի շուրջ»։ Ամեն մեկը կարող է սխալվել, սակայն նրանց պետք է հանարավորություն տալ ուղղվելու, կյանք վերադառնալու,-ասում են ցմահ դատապարտյալները։ «Ցանկացած մարդ պիտի հույս ունենա, որ ապրի ինչ որ հույսով, ու այդ հույսից չպիտի խաբվի, որ մարդ հույսից խաբվում է այդ ավելի վատ է, ավելի վատ մարդուն ասեն դու ստեղ ես մեռնելու քան մարդուն ասեն հա հա ու ոչ մի բան...»,- ասում է Վաղարշակը: «Այստեղ մի սպանությունով մարդիկ էլ շատ կան, առաջին անգամ դատված, մարդը մի անգամ սխալվել է, չի մարդու սաղ կյանքը կործանել։ Մարդուն պետք է շանս տալ ապրելու համար, ցույց տալու, թե ինչի է ընդունակ ինքը»,- ասում է Արմանը: Վաղարշակը 20 տարեկանից այստեղ է, հետևում է թողել երիտասարդության լավագույն տարիները, սակայն կյանքի նկատմամբ լավատեսորեն է լցված։ Դուրս գալու դրդապատճառը շատ մեծ է։ «Ես հիմա այստեղ ամուսնացել եմ, ընտանիք ունեմ, կգնամ իմ ընտանիքի գլխին տեր դառնամ, փորձեմ կորցրածս հետ բերեմ։ Իմ տարիքայինները արդեն արել-դրել են»։ Հարազատների աջակցությունն իրենք զգում են նաև հաստ պատերից դուրս։ «Մեզ հաճույք չի պատճառում, որ մեր մենք հելնենք այստեղ հացադուլ անենք, կամ մեր տնեցիք այդ ցրտին հելնում գնում են... մենք էլ ենք վատ զգում»,- ասում է Վաղարշակը: Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք օրական մեկ ժամ հնարավորություն ունեն զբոսանքի, մնացած ժամանակն անցկացնում են խցերում։ Արմանը չի դժգոհում ոչ անձնակազմից, ոչ բանտային պայմաններից: «Եթե կարողանում ես նորմալ ապրել արդեն դու պետք է քո պայմանները ստեղծես է, այսօր այդպիսի հնարավորությունը տալիս են»։ Բանտում ցմահ դատապարտյալների համար ժամանակն է մեծագույն խնդիրը, մարդիկ ասյտեղ ապրում են անորոշ, մեկ օր ազատություն վերադառնալու հույսով։ «Ցանկացած մարդ էլ ազատության ա ձգտում, ազատվեցիր արդեն դու պետք ա սկսես մտածես քո կյանքի մասին, կյանքը դասավորելու մասին։ Ոնց որ սովորական մարդիկ, առաջնահերթ պետք է ստեղծես այն ամեն ինչ, ինչ որ կարող ես ապրել, ընտանիք կազմել»,- ասում է Վաղարշակը: «Այստեղ պետք չի բոլորին նույն աչքով նայել, պետք չի այն ձևի կարծիք ստեղծել, որ ստեղ մարդակերներ են նստած. Այստեղ 99 տոկոսի հետ կարող ես նորմալ շփվել»,- նշում է Արմանը: Այստեղ յուրանաչյուրը գիտի՝ ինչ է կորցրել ու ինչի համար է պայքարում: Վաղարշակը նշում է. «Ազատությունը կյանք է, ցանկացած մարդու համար: Եթե մենք եկել ենք այստեղ ուղղվելու, ուրեմն ինչ որ մի հատ ծեր պիտի լինի, որ հասանք այդտեղ, ուրեմն՝ ուղղվեցինք»։ Արմանն էլ հավելում է. «Հուսով ենք, որ մեր իշխանությունները կլսեն մեզ, կընդունեն մեր առաջարկը, չեն անտեսի այսքան տարիների հավաքված խնդիրները»: Հայաստանում  ներկայումս ցմահ ազատազրկման է դատապարտված 99 անձ։