Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՆԱՃ` ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՄԲ

Տնտեսություն

«2006թ գնաճի սպասումների միտում է նկատվում»- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը,որը ներկայացնում էր 2006թ-ին ԿԲ քաղաքականությունը: Ըստ նրա` գազի գնի բարձրացումից հետո սպառողական զամբյուղի գների աճ կնկատվի, բայց ոչ մտահոգիչ չափերի: Նա տեղեկացրեց, որ ԿԲ-ը կատարել են ուսումնասիրություններ եւ այսօր ինքը կարող է վստահաբար հայտարարել, որ գների բարձրացման վերաբերյալ աժիոտաժը համարժեք չէ սակագների բարձրացման պատճառով սպառողական զամբյուղի վրա ազդեցությանը: ԿԲ հաշվարկներով` եթե գազի գինը բարձրանա, ապա սպառողական զամբյուղի վրա ազդեցությունը կլինի 1 տոկոսի չափով:

Հիշեցնենք, որ սպառողական զամբյուղում ընդգրկված են 440 տեսակի ապրանքատեսակներ, եւ հիմնականում, ըստ ԿԲ նախագահի, կբարձրանան հացամթերքի, մրգեղենի, ձկնամթերքի, շաքարի գները: Կաճեն նաեւ սպառողական զամբյուղի մեջ չմտնող որոշ ապրանքատեսակների գները: Բայց Տիգրան Սարգսյանը լավատես էր, եւ կարծում էր, որ կառավարությունը ի վիճակի, կլինի, քանի որ նաեւ խոստացել է, զսպել գնաճի բացասական հետեւանքները: Նա մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որ ռուսական կողմը խոստացել է գազը ավելի հարմար գնով տրամադրել Հայաստանին, հորդորեց խորհրդարանի չնպաստել արհեստական աժիոտաժին, քանի որ առանց այդ էլ ԿԲ-ը 2006թ-ին գների կայուն մակարդակ ապահովելու հարցում կունենա լուրջ դժվարություններ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ տարեկան 1մլրդ դոլար շրջանցում է բանկային համակարգը եւ իրենց քաղաքականությունը հիմնականում ուղղված է բանկերի կայացմանը, բանկերի նկատմամբ վստահության վերականգնմանը:

Իսկ ԿԲ գերխնդիրն է, ըստ նրա, ՀՀ-ում «ձեւավորել այնպիսի ֆինանսական շուկա, որը համահունչ լինի զարգացած երկրների շուկաներին, մի քայլ առաջ լինենք հարեւաններից եւ գայթակղիչ ներդրողների համար»: