Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցի պատգամավորը անօթևանների մասին հստակ տվյալներ չունի (տեսանյութ)

Քաղաքականություն
martun-grigoryan

Գյումրի քաղաքի առաջնային խնդիրներն են փողոցաշինությունը, աշխատատեղերի բացակայությունն ու անօթեւան մարդիկ. համոզված է ԱԺ պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը. «Բոլոր խնդիրների լուծումը կապված է մեծ գումարների հետ, իսկ մեր պետության բյուջեն այդքան չի բավականացնում»,- նշեց պատգամավորը, բայց  նաեւ հավելեց, որ այս տարի քաղաքի փողոցաշինության ու լուսավորության համար իրականացվելու են ծրագրեր: «Ա1+»-ի հարցին, թե որքա՞ն է այսօր անօթեւանների թիվը Գյումրիում ու 2016-ին ի՞նչ ծրագրեր կան այդ մարդկանց թիվը նվազեցնելու համար, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Հարաբերական են թվերը անօթեւանների, չեմ կարող կոնկրետ թվեր ասել,  երկրաշարժի հետեւանքով տուն չունեցողների թիվը գուցե քիչ է, բայց այս պահին անօթեւանները շատ են»,- ասաց նա ու հավելեց, որ այս խնդրի լուծման ճանապարհին սխալ է համարում բնակարանի գրանցման վկայականների տրամադրումը. «Երբ վկայական են տալիս, դեռ չի նշանակում, որ նրանք արդեն բնակարաններ ունեն: Արդեն երկար տարիներ են անցել, ընտանիքները մեծացել են, մեկ կամ երկու սենյականոց բնակարաններում նրանք չեն տեղավորվում: Ավելի լավ կլիներ սպասեին, տունը լիներ, պատրաստ տուն մտնեին, թե չէ հիմա գումարը ընկնում է ձեռքները, ընտանիքին վերցնում են ու գնում արտերկիր»: Անդրադառնալով այլ հարցերի՝ Մարտուն Գրիգորյանը նշեց նաեւ, որ դեռ չի որոշել՝ իր թեկնածությունը կառաջադրի՞ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, թե՝ ոչ. «Յուրաքանչյուր ընտրության ժամանակ էլ տեղի ու անտեղի շրջանառվել է իմ անունը: Գյումրիում շաբաթը մեկ հարցումներ են արվում այդ մասով, ես ասել եմ՝ անունս հանեն ցանկից: Իհարկե, որպես թեկնածու այսօր գյումրեցիները տեսնում են ինձ: Հիմա նոր ընտրական օրենսգրքով կսահմանվի, թե ինչպես են անցկացվելու ընտրությունները, մենք կուսումնասիրենք ու կորոշենք դրանից հետո մասնակցե՞լ, թե՝ ոչ»: Մարտուն Գրիգորյանը հավաստիացրեց նաեւ, որ  իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե ինքը իշխանության թեկնածուն է. «Դաբրո կամ իշխանության թեկնածու հասկացողությունն ինձ հետ կապ չի ունեցել: ԱԺ նախագահի կողմից  պարգեւատրումը կապ չունի քաղաքապետի թեկնածության հետ:  Եթե ես ցանկանամ մասնակցել ընտրություններին՝ կառաջադրվեմ»: