Սամվել Մկրտչյանի «հետմահու» Շեքսպիրը (տեսանյութ)
Օրերս «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է Վիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» կատակերգությունը: Այս գործը թարգմանիչ Սամվել Մկրտչյանի Շեքսպիրից կատարած առաջին թարգմանությունն է եւ նրա հետմահու առաջին անտիպը։ Սամվել Մկրտչյանի այրին՝ Նաիրա Զոհրաբյանը պատմում է. «Ինչպես ինքն էր սիրում ասել, Շեքսպիրի թեթեւսոլիկ հեքիաթը՝ «Միջամառային գիշերվա երազը», թարգմանել է 23 տարեկան հասակում»: Գրքի ամբողջ դիզայնը, էջադրումը, նույնիսկ թղթի ընտրությունը Սամվել Մկրտչյանինն է: Հռչակավոր «Ուլիսեսի» թարգմանիչը մահացավ ավելի քան մեկ տարի առաջ, իսկ անտիպ եւս երկու գործ ունի: Այսօր Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է. Նաիրա Զոհրաբյանը նախաձեռնում է հիմնադրել նրան անունով թարգմանչական մրցանակ. «Հասմիկի հետ Պողոսյան՝ մշակույթի նախարարի, մենք քննարկում ենք, թե երբ է ճիշտ՝ թարգմանչաց տոնի՞ն է ճիշտ էդ մրցանակը հանձնել, թե՞ Գրական տապանի»: Շեքսպիրի այս ստեղծագործությունը առաջին անգամ չէ հայերեն թարգմանվում, այն թարգմանվել է նաեւ Խաչիկ Դաշտենցի գրչով, սակայն Նաիրա Զոհրաբյանին այս մեկը դուր է գալիս այլ լուծումների պատճառով. «Երբ որ Սամվելի թարգմանությունն ես կարդում, էն Սամվելի օրիգինալ ոճը, էն Ջոյսյան թարգմանության թռիչքները, թեկուզ ասենք պերսոնաժների անուններն ընտրելիս... Ճվռնեկ, Ոլոռիկ, Ճռիկ, Մլուլ»: Գիրքը ամառային արեւադարձի հաջորդ օրվա գիշերվա երազի պատմությունն է, շեքսպիրյան բազմաթիվ շերտերով, երկու իրականության շաղախով: Տիկին Զոհրաբյանը նկատում է, որ Սամվել Մկրտչյանն անկատար երազանքներ չթողեց թարգմանության մեջ. «Իհարկե, «Ուլիսեսից» հետո Սամվելն ասում է, որ ես իմ գործն արեցի։ Մի նախկին նախարարներից մեկը Սամվելին ասել էր, որ եթե դու երբեւէ թարգմանես «Ուլիսեսը», քո ոսկե արձանը մենք պիտի կանգնեցնենք: Բայց բացարձակ, բացարձակ անտարբերություն պետության կողմից, բացի նրանից, որ՝ օ~, էս ինչ հանճարեղ գործ է արված»: Գյումրեցի հանճարեղ թարգմանիչը բոլորից չէր պահանջում կարդալ «Ուլիսեսը», այն խաղ ու պար չէր. «Երբ որ ես դժվարանում էի կարդալ ինչ-որ բան, ասում էր՝ մի տանջվի, Ջոյսի կինն էլ չի կարդացել «Ուլիսեսը»: Սամվել Մկրտչյանի վերջին 25 տարվա կինը հույս ունի, որ ավելի քան մեկ տարի առաջ հեռացած թարգմանչի գործը «մեկ թարգմանչի պոռթկում» չի մնա, կգան երիտասարդներ, որոնք կշարունակեն Սամվել Մկրտչյանին: