Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միացան Գասպարիի փաստաբանների հայտարարությանը

Հասարակություն
gaspari

ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ս.թ. փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորումը եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակազմի թողտվությամբ նրա նկատմամբ խցակիցների միջոցով իրականացված դաժան խոշտանգումները չկանխելու իրողությունը։ Անկախ Հայաստանի արդարադատության համակարգի համար պետք է անընդունելի լինեն եւ արմատախիլ արվեն ստալինյան եւ խորհրդային ժամանակների ՔԿՀ-ներին բնորոշ բարքերը։ Մենք միանում ենք Վ. Գասպարիի փաստաբանների հրապարակային հայտարարության մեջ հնչած կարծիքին, որ «Վ. Գասպարիի կալանավորման որոշումն անհրաժեշտ չէր, չի հետապնդում իրավաչափ նպատակ եւ անհիմն է, այն ավելի շուտ քաղաքական որոշում է, որի նպատակն անհնազանդ, անարդարության դեմ պայքարող մարդկանց նկատմամբ ճնշումն է եւ այդ միջոցով մնացածի համար վախի մթնոլորտի ստեղծումը»: ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում Հայաստանում գործող միջազգային կառույցներին՝ իրենց ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորությունների շարունակական խախտումների դեմ։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին եւ դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ 26 փետրվարի, 2016թ «Հյուման Ռայթս Հաուս Երեւանը» կոչ է անում դադարեցնել Վարդես Գասպարիի նկատմամբ բռնաճնշումները «Հյուման Ռայթս Հաուս Երեւան» իրավապաշտպան կազմակերպությունների միավորումը գտնում է, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մեկուսացումը փորձ է ճնշել քաղաքացիական հասարակության կողմից բարձրացվող բողոքի ձայնը: Միավորումը կոչ է անում դադարեցնել հետապնդումը և բռնաճնշումները Վարդգես Գասպարիի նկատմամբ, պարզել և պատժել քրեակատարողական հիմնարկում վերջինիս նկատմամբ բռնություն կիրառողներին, և ազատ արձակել Գասպարիին՝ օրենքին համապատասխան ճանրակշիռ փաստարկներ չունենալու հիմքով: Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 7-ին ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/9157/05/13 վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետևյալ արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ և անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք և անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում»: «Դուք ստոր և անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա»: Վարդգես Գասպարին դատավարության ընթացքում հրաժարվել է պաշտպանից, սակայն նրան տրամադրել են հանրային պաշտպան: Նշենք, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը միայն օրենքով սահմանված դեպքերում կարող է չընդունել կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից, ինչը տվյալ դեպքում չի արվել: 2016 թվականի փետրվարի 19-ին դատարանը որոշում է կայացրել Վարգես Գասպարիի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոխարինելու կալանավորմամբ: Նույն օրը ժամը 9:30-ի սահմաններում Գասպարիին կալանավորել են դատական նիստերին չներակայանալու համար: Նշենք, որ նրան կալանավորելու որոշումը ևս կայացվել է առանց վերջինիս ներկայության, օրենքի խախտումով: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Վարդգես Գասպարին ենթարկվել է բռնության, խցակիցները նրան պարբերաբար ծեծել են, նվաստացրել, սառը ջուր լցրել վրան: Միակ գործողությունը, որն իրականացվել է դեպքի առնչությամբ, դա Գասպարիին այլ խուց տեղափոխելն է եղել:       «Հյուման Ռայթս Հաուս Երեւան» Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ Իրավունքի գերակայություն Կանանց ռեսուրսային կենտրոն Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա) Հելսինկյան ասոցիացիա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Շահխաթուն» կանանց, ժողովրդավարության աջակցություն «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն «Ֆակտում» հասարակական կազմակերպություն