Շատ եմ ճանապարհորդել եւ բավական հոգնած եմ. Ջաննի Ինֆանտինո
ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջաննի Ինֆանտինոն այսօր իր առաջին գործն է արել այդ պաշտոնում: 45-ամյա ֆուտբոլային այրը Ցյուրիխում ֆուտբոլի թանգարան է բացել: Այն զբաղեցնում է մոտ 3000 քառակուսի մետր տարածք, որտեղ ցուցադրվելու են 1000-ից ավելի ցուցանմուշներ: Թանգարանում գործելու է գրադարան, պանորամային կինոթատրոն, սրճարան եւ բար: Ջաննի Ինֆանտինոն պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչով է սկսելու իր աշխատանքային առաջին օրը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, պատասխանել է. «Փետրվարի 29-ին նախատեսված է ֆուտբոլային հանդիպում անցկացնել ՖԻՖԱ-ի աշխատակիցների միջեւ: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ ՖԻՖԱ-յի համար առաջնայինը հենց ֆուտբոլային խաղն է: Ճիշտ է, ես դեռ չեմ որոշել, արդյոք կմասնակցեմ այդ հանդիպմանը, քանի որ վերջին ամիսներին շատ եմ ճանապարհորդել եւ բավական հոգնած եմ: Սակայն իմ փոխարեն խաղացողներ կգտնվեն»: Հավելենք, որ այդ հանդիպմանը հրավիրված են պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն եւ մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որոնք ՖԻՖԱ-ի տարբեր կոմիտեների անդամ են: