ԳԱԶԸ ԹԱՆԿԱՑՐԵՑ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԳազի սակագների բարձրացումն արդեն ազդել է ՀՀ գյուղատնտեսության վրա: Անհրաժեշտ պարարտանյութերը, որոնք հիմնականում ներկրվում են Վրաստանից եւ անհրաժեշտության դեպքում նաեւ Ռուսաստանից եւ Ուկրաինայից, արդեն թանկացել են:
«Աննախադեպ բարձր չափերի է հասել»,- ազոտական պարարտանյութի բարձր գինն այսպես բնութագրեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: Թանկացման հետեւանքով պարարտանյութի 1 պարկի գինը շուկայում կարող է տատանվել 5 000- 5200 դրամի եւ գուցե ավելիի սահմաններում: Հաշվի առնելով հայ հողագործի անվճարունակությունը` կառավարությունը որոշել է սուբսիդավորել պարարտանյութ ներկրողներին, որպեսզի հայկական շուկայում թանկացված գներով ներկրված պարարտանյութը վաճառվի անցյալ տարվա գներով: Սուբսիդավորումն իրականացվել է 294 միլիոն դրամի չափով: Արդյունքում պարարտանյութը հողագործներին վաճառվելու է անփոփոխ գնով՝ 1 տոննայի դիմաց 74 հազար դրամ:
Ի դեպ, գյուղատնտեսության նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2005 թվականին նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 20-24 հազար հեկտար պակաս աշնանացան է կատարվել: Դրա պատճառները կապված են հացահատիկի գների տատանման հետ, որի արդյունքում հացահատիկ արտադրող գյուղացին կամ շատ չնչին եկամուտ ստացավ մշակվող տարածությունից, կամ ընդհանրապես վնասով փակեց տարին:
«Սակայն հիմա շուկայում որոշակի կայունություն կա արդեն»,- ասում է պարոն Պետրոսյանը, որը կանխատեսում է, որ կամա թե ակամա ՌԴ-ից եւ Ուկրաինայից իրականացվող մթերումների գների որոշակի բարձրացում կարող է լինել: Նաեւ դրա հետեւանքները մեղմելու համար այսօր արդեն հանրապետությունում սկսվել է հացահատիկի գարնանացանի աշխատանքները: Նախարարության դիտարկումները ցույց են տալիս, որ նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 15 հազար հեկտարով կավելանան գարնանացան-հացահատիկային մշակաբույսերի ցանկատարածությունները:
Սրա հետ մեկտեղ, անցյալ տարվա համեմատությամբ կրկնակի մեծացել են եգիպտացորենի ցանկատարածությունները հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Իսկ այն ցանկատարածությունները, որոնք անցյալ տարի չեն մշակվել, այս տարի որոշվել է տրամադրել բանջարանոցային, բոստանային մշակաբույսերի եւ կարտոֆիլի ցանքերի համար: Այդ տարածքները հիմանականում ցածրադիր գոտում են եւ Արարատյան հարթավայրում:
Ի դեպ, երեկ հատկապես Գեղարքունիկի մարզ վերադարձել է ձմեռը: Ձյան շերտի տակ են մնացել բազմաթիվ տարածություններ, սակայն նախարարության տվյալներով ցրտահարություններ առայժմ չեն եղել եւ չեն սպասվում: Գյուղատնտեսության համար մեկ այլ խնդիր է սպասվող հեղեղումները, որոնք կարող են լինել ապրիլի կեսից մինչեւ մայիսի սկիզբ: Սակայն դրան էլ է փորձում հակազդել նախարարությունը՝ պատրաստվելով պատշաճ կերպով եւ պատրաստված «դիմավորել» հեղեղումները: