Ակցիաները շարունակելու են Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ
Գազի պայթյունի հետեւանքով առանց տանիքի մնացած Պետրոսյանների ընտանիքն այսօր էլ չի կարողացել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: «Գիտեինք, որ գնալու է «Ռոսիա մոլ»-ի բացման արարողությանը, ասեցինք մեր նամակը փոխանցենք, որ Սերժ Սարգսյանը իմանա, թե ինչ վիճակում ենք գտնվում: Սակայն ոստիկանները թույլ չտվեցին, մեզ քարշ տալով հետ տարան, ասում էին ոչ մի ձեւով չենք թողնելու մոտենաք»,- ասաց Գյուլնարա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ 2013 թ մայիսին գազի պայթյունի հետեւանքով ընտանիքը զրկվել է տնից: Այժմ Պետրոսյանները ապրում են վարձով եւ սպասում դատաքննության ավարտին: Սակայն դատաքննությունը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում է: «Մեզ նույնիսկ երեք րոպե ժամանակն էլ բավարար էր խնդիրը ներկայացնելու համար»,- ասաց Գյուլնարա Պետրոսյանը: Ընտանիքը որոշել է՝ արդյունքի հասնելու համար ակցիաները շարունակել Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ: