«100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը հնարավոր է փոխվի (տեսանյութ)
«Հիմնադիր խորհրդարան»-ը 2015թ հայտարարեց իր կարգախոսը՝ «100-ամյակն առանց ռեժիմի»: Այնուհետեւ հավելեց, որ ռեժիմից ազատվելու են 1 տարվա ընթացքում՝ մինչեւ 2016 թ ապրիլի 24-ը: «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ հաշվի առնելով մեր երկրում առկա պայթյունավտանգ իրավիճակը, ցանկացած ժամանակ կարող է փոփոխություն տեղի ունենալ: « Եթե ժամկետը անցնի, այնպես չէ, որ կաղապարված է ամեն ինչ, կվերանայվի: Ամեն ինչ կարելի է վերանայել, վերաիմաստավորել եւ նոր կարգախոսներով առաջնորդվել, բայց տակավին մենք գտնվում ենք այդ կարգախոսի տրամաբանության մեջ»,- «Ա1+»-ին ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքերով՝ խնդիր են դրել օր առաջ ձերբազատվելու այս համակարգից ժողովրդի մեծամասնության ցանկությունն է դա: «Ամեն ինչ անելու ենք, եթե որեւէ ժամանակ տեղի ունենա մարդկային պոռթկում, այնպես չլինի, որ մեր երկիրը հայտնվի քաոսում, այս ուղղությամբ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում»,- ասաց պարոն Սեֆիլյանը: Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ պարբերաբար փորձելու են ժողովրդին մոբիլիզացնել, որ տեղի ունենա պոռթկումը, պայքարն էլ շարունակվում է՝ ոչ մի բան փոխված չէ: