Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չդիմացավ Վիշի Անանդի գրոհներին (տեսանյութ)

Սպորտ
aron

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 9-րդ տուրի պարտիաները: Դրանցից առավել մեծ հետաքրքրություն էր առաջացրել Վիշվանաթան Անանդ - Լեւոն Արոնյան հակամարտությունը: Բանն այն է,որ երկու շախմատիստներն էլ բավական վստահ են հանդես գալիս այս մրցաշարում եւ ինքնին գլխավոր ֆավորիտների թվին են դասվում: Ինչպես եւ սպասվում էր, պարտիան անցավ անչափ լարված պայքարում: Աշխարհի նախկին չեմպիոնը բավականին ակտիվ սկսեց եւ հենց խաղասկզբում տիրեց նախաձեռնությանը: Լեւոն Արոնյանը երկար ժամանակ վստահորեն պաշտպանվում էր, սակայն 23-րդ քայլին նա դիրքային սխալ թույլ տվեց, ինչից անմիջապես օգտվեց փորձառու մրցակիցը: Սպիտակներն գնալով մեծացրեցին ճնշումը սեւերի պաշտպանության վրա եւ լիովին տիրեցին նախաձեռնությանը: Վերջնախաղում Լեւոն Արոնյանը չնայած մեկ զինվոր ավելին ուներ, սակայն այն պաշտպանել այդպես էլ չհաջողվեց: Արդյունքում, 66-րդ քայլից հետո մեր շախմատիստը կանգնեցրեց ժամացույցը: Լեւոն Արոնյանը կրեց առաջին պարտությունը մրցաշարում եւ նահանջեց 3-րդ հորիզոնական: Նա այժմ կես միավորով ետ է մնում նույն Վիշվանաթան Անանդից եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինից: Հաջորդ, 10-րդ տուրը, տեղի կունենա մարտի 23-ին: Այդ օրը Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի մրցաշարի ետնապահ, բուլղարացի գրոսմայստեր Վեսելին թոփալովի հետ: