Լեւոն Արոնյանը շարունակում է նահանջը (տեսանյութ)
Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: Այսօր նախատեսված 11-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, որը մինչ այդ 9 ոչ-ոքի էր արել եւ կրել մեկ պարտություն: Լեւոն Արոնյանը, ինչպես եւ երեկ կայացած Վեսելին Թոփալովի հետ պարտիայում, բավական վստահ սկսեց հանդիպումը եւ միջնախաղում լավ դիրք ստացավ: Սակայն հետագայում նա մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց եւ արդեն ինքը հայտնվեց ոչ շահեկան վիճակում: Պյոտր Սվիդլերը անմիջապես օգտվեց պատեհ առիթից եւ տարավ առաջին հաղթանակը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը մնաց նույն 5,5 միավորով եւ այժմ Սվիդլերի եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը մեկ միավոր ավելի ունի: Հաջորդ, 12-րդ տուրը, տեղի կունենա վաղը, մարտի 25-ին: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի հենց մրցաշարի առաջատարի հետ: