Հայաստանի ֆուտբոլի հավաքականը տարին սկսեց զրոներով
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ: Նախ նշենք, որ այն դարձավ մեր հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը: Նա, ինչպես վերջին տարիներին, ավագի թեւկապը թեւին իր խաղընկերներին դուրս բերեց խաղադաշտ: Սակայն, հանդիպման 8-րդ րոպեին Ռոման Բերեզովսկին իր տեղը զիջեց երիտասարդ դարպասապահ Արսեն Բեգլարյանին, քանի որ անցած տարվա ամռանից նա անցել է մարզչական աշխատանքի եւ մարզվածության մեծ պակաս ունի: Ընդմիջմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրան թանկարժեք ճապոնական «Տոյոտա Պրադո» նվիրեց: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անձամբ մեծ չափսի կտավ նվիրեց նրան, որի վրա մեր լեգենդար դարպասապահը պատկերված էր Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Ռոման Բերեզովսկին պատվո շրջան կատարեց մարզադաշտում՝ շնորհակալություն հայտնելով ֆուտբոլասերներին: Ապա վերսկեց հանդիպումը: Այս խաղը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականը դեռեւս ձեւավորման ճանապարհին է գտնվում և որ միայն Հենրիխ Մխիթարյանն է կատարելագործել իր վարպետությունը, իսկ մյուսները մնում են նույն մակարդակի վրա: Զարմանալի չէ, որ խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, քանի որ մեր առաջատարին այսօր չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, իսկ նրա փոխանցումները չկարողացան իրացնել արդեն խաղընկերները: Երկու խոսք հանդիպման ընթացքում տեղի ունեցած ոչ ֆուտբոլային իրադարձությունների մասին: Թիմերի նախավարժանքի ժամանակ խաղադաշտ մտավ թափառական մի շուն, որը հանգիստ հասավ մինչեւ բելառուսցիների տուգանային հրապարակ: Հյուրերի դարպասապահը չվախեցավ, որսաց կենդանուն եւ հանձնեց մարզադաշտի աշխատակցին: Խաղի 73-րդ րոպեին հյուսիսային տրիբունայի կողմից խաղադաշտ մտավ մի ֆուտբոլասեր, որը կրակե ճայթուկը ձեռքին վազեց դեպի արեւմտյան տրիբունա, պաշտոնական օթյակի կողմը: Ոստիկանները մեծ դժվարությամբ, սակայն բռնեցին կարգազանց երկրպագուին եւ բերման ենթարկեցին: Ի դեպ, ավելի ուշ պարզվեց, որ խաղի ավարտից հետո ոստիկանությունն անմիջապես ազատ է արձակել նրան: