Ներկայացվեց «4+4+4» ձևաչափի նիստերի ընթացակարգի նախագիծը
«4+4+4» ձևաչափի առաջին նիստում հայտնի դարձավ բանակցությունների ընթացակարգի նախագիծը։
Ըստ այդմ՝ նիստերը հրավիրվելու են երկու օրը մեկ պարբերականությամբ՝ ԱԺ-ում:
Յուրաքանչյուր նիստի տևողությունը լինելու է 3 ժամ, իսկ արտահերթ նիստ հրավիրվելու է առնվազն 4 անձանց պահանջով: Ընթացակարգի համաձայն՝ բանակցությունների յուրաքանչյուր մասնակից կարող է առաջարկել օրակարգի մինչև հինգ հարց, որոնցից յուրաքնչյուրի քննարկմանը նվիրվելու է առավելագույնը մեկ նիստ, եթե կոնսենսուսի սկզբունքով հարցի քննարկման ժամկետը չի երկարաձգվում:
Իսկ բարձրացված հարցերը քննարկվելու են հետևյալ կարգով. հարցը ներկայացնելու համար նախ տրվելու է մինչև 10 րոպե ժամանակ, այնուհետև քննարկման մասնակիցները հարցերով կարող են դիմել հարցը ներկայացնող անձին, իսկ հարցի քննարկումն ավարտվելու է ներկայացնողի մինչև 10 րոպե տևողությամբ ամփոփիչ ելույթով: Յուրաքանչյուր նիստ սկսվելու է նախորդ նիստում քննարկված հարցի վերաբերյալ այդ հարցի նախաձեռնող չհանդիսացող մասնակիցների անհատական կամ միասնական դիրքորոշման ներկայացմամբ և այդ դիրքորոշման վերաբերյալ հարցը ներկայացնողի արձագանքով: