Լեւոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի մասնակից
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-2016 մրցաշարերին: Կազմակերպիչները նախատեսել են անցկացնել չորս մրցաշարեր: Դրանցից առաջինը տեղի կունենա հունիսի 7-13-ը, Փարիզում: Երկրորդ մրցաշարը կկայանա Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, հունիսի 15-21-ը: Դրանք կանցկացվեն արագ եւ կայծակնային շախմատի կանոններով: Երրորդ մրցաշարի շարքում ընդգրկվել է Սենտ Լուիսում անցկացվող «Սինգֆիլդի գավաթը», որը նախատեսված է անցկացնել օգոստոսի 4-16-ը: Grand Chess Tour-2016-ի մասնակիցները վերջին անգամ կհավաքվեն Լոնդոնում, դեկտեմբերի 8-20-ը կայանալիք դասական շախմատի մրցաշարում: Կազմակերպիչներն այդ մրցումներին մասնակցելու համար հրավիրել են 9 շախմատիստ: Դրանք են Լեւոն Արոնյանը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վեսլի Սոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, բուլղարացի Վեսելին Թոփալովը եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը: Փարիզի եւ Բրյուսելի մրցաշարերում նրանց կմիանա աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Թեկնածուների թվում են նաեւ չինացի Դին Լիժենը եւ ֆրանսիացի Լորան Ֆրեսինեն: Grand Chess Tour-2016-ի մրցանակային հիմնադրամը կազմում է 1,05 մլն դոլար: