Մարտակերտ. Վիրավոր քաղաքի վերքը դեռ բաց է (տեսանյութ)
Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Մարտակերտ քաղաքին հասցված վնասի չափը դեռ հստակ չէ։ Արցախի Քաղաքաշինության նախարարությունից երկու օր առաջ այցելել ու հաշվարկել են բնակիչներին հասցված նյութական վնասները։ Մարտակերտի քաղաքապետի տեղակալ Արթուր Ասրյանի խոսքով՝ մոտ 20 տուն է վնասվել, որից վեցը՝ գրեթե ամբողջովին։ Մինչ կառավարությունը կօգնի վերականգնել տները, մարտակերտցիները փորձում են ուշքի գալ կատարվածից։ Հրետակոծման օրերին Նվեր Մանուչարյանի տունը եղել է կրակի անմիջական թիրախում։ Ընտանիքը տարհանվել է քաղաքի այլ հատված, կվերադառնան, երբ հնարավոր լինի նորից բնակվել այստեղ։ «Մեր դեմից կրակում են, ականն ընկել է մոտակայքում, ամբողջ պատուհանները, շիֆեր-միֆեր ջարդվել են»,- ասում է Նվերը։ Միայն պատերն են մնացել հակառակորդի կրակահերթի տակ հայտնված այս շինությունից։ Գրեթե բացակայում է տան տանիքը, փշրվել են պատուհանները, վնասվել տան գույքը։ Արկը պայթել է գիշերվա 4-ին՝ մի քանի մետր այն կողմ։ 8 հոգանոց ընտանիքն անմիջապես տարհանվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ։ Իսկ այս արհեստանոցի տերը դեռ երկար ժամանակ չի կարողանա նորոգել համաքաղաքացիների ավտոմեքենաները։ Ադրբեջանական ականը պայթել է շինության հենց գլխին՝ վերացնելով տանիքը, ավերելով պատերը։ Հետևանքները փռված են շինության մերձակայքում։ «Տուն չունեմ, տունս սա է, կահույքը դրված է, բայց տուն չունեմ»։ Ազատամարտիկ Վարազդատ Գրիգորյանը չի էլ մտածում ընտանիքին հետ բերելու մասին։ Երեք որդին ու կինը Ստեփանակերտում դեռ կսպասեն, որ մինչեւ տունը կնորոգվի։ Այս օրերին, լարված է աշխատել նաև Մարտակերտի հիվանդանոցը։ Հակառակորդի կրակից վերջին անգամ այստեղ վիրավոր է տեղափոխվել ապրիլի 6-ին՝ այնուհետ տեղափոխվել է Ստեփանակերտ։ Լարված օրերին վիրաբույժներն աշխատել են հիվանդանոցի նկուղային հարկում՝ այդ կերպ հիվանդներին ու իրենց ապահովագրելով ադրբեջանական զենքի հնարավոր հարվածներից։ Վնասը եղել է միայն նյութական։ Վիրաբույժ Լևոն Նազարեթյանը նշում է. «Իր այսպես ասած հանձնարարությունը կատարում էր Հաթերքի շտապօգնության մեքենան, որը ամբողջովին այրվել է»։ Իսկ այս օրերին քաղաքը վերագտել է կյանքի սովորական ռիթմը՝ աշխատում են պետական հաստատությունները, խանութներն ու արտադրական տարբեր օբյեկտներ։ Ի դեպ, ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում ծնվել է 35 երեխա, որից 15-ը տղա, 20-ը՝ աղջիկ: