Դիարասուբիան հաղթանակ պարգեւեց «Շիրակին»
Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի առաջին հանդիպումը: Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտին»: Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել: Ընդմիջումից հետո նախ հաջողության հասան դաշտի տերերը: «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Դրիսա Դիարասուբիան երկու գոլ խփեց եւ առաջ մղեց իր թիմին: Հյուրերը մնացած 10 րոպեներին կարողացան միայն կրճատել հաշիվը: Աչքի ընկավ Միհրան Մանասյանը: Այդպիսով, «Շիրակը» 2:1 հաշվով կարեւոր հաղթանակ տարավ, վաստակեց 35 միավոր եւ ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում: «Ալաշկերտը» չնայած երրորդ պարտությունը կրեց առաջնությունում, սակայն դեռեւս պահպանում է առաջին տեղը: Տուրի մյուս խաղերը կկայանան վաղը, ապրիլի 10-ին: Կապանում «Գանձասար-Կապանը» կընդունի Երեւանի «Արարատին», իսկ «Միկան» իր հարկի տակ կխաղա «Փյունիկի» հետ: