ԻՆՔՆԱՓԼՈՒԶՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս գիշեր մոտավորապես 3:40-ի սահմաններում հերթական անգամ ինքնափլուզվել է Գարեգին Նժդեհի 7ա հասցեում գտնվող «Գյումրի-տեքստիլ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 2 հանրակացարանի մասնաշենքի միջնամասը: Մարդկային զոհեր չկան:
Հանրակացարանը ինքնափլուզվում է պարբերաբար, սակայն ուշադրության չի արժանանում ոչ մարզային, ոչ տեղական իշխանության կոմից, քանի որ ունի սեփականատեր։ Նախորդ փլուզման ժամանակ՝ հուլիսին, սեփականատեր համարվող Հունան Ավետիսյանը փորձել էր անվտանգության նկատառումներվ տարածքը թիթեղապատել։ Բնակիչները, սակայն, ընդդիմացել էին: Հուլիսյան այս դիմադրության արդյունքում էլ բնակիչները մնացին փլուզված հանրակացարանում, պարսպապատման գաղափարը չիրականացավ, Հունան Ավետիսյանն էլ գրագետ ձեւով ասպարեզից հեռացավ: Նա տեղեկացրեց, թե ինքն ընդհանրապես անելիք եւ ասելիք շենքի համար չունի, քանի որ շենքը բնակիչներից դեռ չազատված, դեռեւս ընկերության լուծարման փուլում աճուրդ-վաճառքով մասնավորեցվել է։
Նոր սեփականատերն այժմ անհայտ է։ Իսկ հանրակացարանում բնակվող ընտանիքներ կան։ Վերջիններիս առաջարկվել է տեղափոխվել բնակության համար առավել անվտանգ վայր կամ տնակ, ապրել վարձակալությամբ, ընդ որում գումարը վճարվելու է համայնքի բյուջեից, մինչեւ լուծվի բնակարանի խնդիրը, սակայն ըստ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանի, վերջիններս անհայտ պատճառներով հրաժարվում են ժամանակավոր կացարաններից։ Պաշտոնյայի համար պատճառը գուցե անհայտ է, սակայն դժվար չէ ենթադրել, որ չորս հազարից ավելի անօթեւան ունեցող Գյումրին հազիվ թե կարողանա հանրակացարանից անվտանգ վայր տեղափոխված բնակիչներին անհապաղ ապահովել բնակարաններով: Իսկ հանրակացարանը տարիների ընթացքում այնքան է ինքնափլուզվել, որ հասել է միջնամասին:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ