Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՆ ՈՒՆԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՉԳԻՏԵՆ

Մարզեր

Շիրակի մարզն ունի զարգացման բոլոր նախադրյալները թե գյուղատնտեսության, թե արդյունաբերության եւ թե օգտակար հանածոների բնագավառներում, սակայն բոլոր ոլորտներում էլ զարգացումը դանդաղում է: Մեկ տարի շարունակ երեւույթի պատճառը փորձել է գտնել «Սպիտակ Նառ» հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպության կատարած ուսումնասիրությունների համաձայն, Շիրակի մարզում տարեկան արտադրվում եւ չի իրացվում 161 տոննա բուրդ: Փոխարենը, ըստ «Սպիտակ Նառ» հ/կ նախագահ Կարապետ Պողոսյանի, նույն բրդյա թելերը ՀՀ եւ Շիրակի մարզ ներկրվում են Թուրքիայից: Բացի դրանից, Կարապետ Պողոսյանը պնդում է, թե մարզում կան այնպիսի հանքավայրեր, որոնք չեն շահագործվում, եւ դրանց մասին քչերը գիտեն:

Շիրակի մարզն չպետք է համարվի ռիսկային գոտի, սա պետք է գիտակցի եւ հայ, եւ արտասահմանցի ներդրողը, համոզված են մարդիկ, որոնք փորձում են անել ամեն ինչ մարզի զարգացման համար: Առաջին քայլն արդեն արված է: Գյումրիի ավանդական արհեստներից տարբեր նմուշներ են ցուցադրվել արտերկրոմ: Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ այս ճանապարհով երկու հարց կարելի է լուծել՝ ներկայացնել Գյումրիի ավանդական արհեստներն ու նաեւ պատվերներ ձեռք բերել:

Սրանից բացի կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել մասնագիտական առանձին խումբ, որը ավելի մանրակրկիտ կուսումնասիրի Շիրակի մարզի հնարավորություններն ու կմշակի այն տարբերակները, որոնք հնարավորություն կտան նպաստել եւ ակտիվացնել մարզի զարգացման գործընթացը:

Ֆինանսական միջոցներ կազմակերպիչները ակնկալում են տարբեր աղբյուրներից: Մասնավորապես, կօգտագործվեն վարկային ռեսուրսները: «Սպիտակ Նառ»-ը մինչ օրս կատարած հետազոտությունների հիման վրա կազմել է էլեկտրոնային ռեսուրս-քարտեզ, որի միջոցով կատարված ողջ հետազոտությունների ընթացքը կարելի է ներկայացնել բոլորին:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ