Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է կոտրել կարծրատիպը, թե հաշմանդամություն ունեցողը բեռ է գործատուի համար»

Հասարակություն
Armen-Alaverdyan-nkarrr

Գործատուների մի մասի համար հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի ընդունելը ընկալվում է որպես բեռ. այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ևս մեկ անգամ արձանագրեց  «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։

Սակայն նա շեշտում է. «Վիճակագրությունը փաստում է, որ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների մեջ կադրերի արտահոսքը շատ ավելի քիչ է, քան ոչ հաշմանդամների»։ Պարոն Ալավերդյանը թվարկեց այն հիմնական կարծրատիպերը, որոնցով առաջնորդվում են գործատուները.

«Ամենասխալ կարծրատիպն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է միայն սահմանափակ տեսակների աշխատանք կատարել։ Դա այդպես չէ։ Օրինակ՝ մեր «Ունիսոն» ստուդիայում աշխատում են փայլուն մասնագետներ, ովքեր կարող են վերականգնել ցանկացած հին լուսանկար։ Բացի այդ, մյուս կարծրատիպն այն է, որ  գործատուն՝ հաշմանդամություն ունեցող լսելով, միանգամից պատկերացնում է միայն սայլակի վրա մարդու։ Բայց հաշմանդամությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ. մարդը կարող է ներքին օրգանների խնդիր ունենալ, որն ընդհանրապես չի խանգարում իր տեղաշարժմանը։ Մեզ մոտ կա նաև կարծրատիպ, որ մտավոր խնդիր ունեցողն ընդհանրապես պիտանի չէ։ Բայց աշխարհով մեկ շատ ունենք հաջողության պատմություններ. մարդիկ պրոֆեսորներ են դառնում, դասավանդում են։ 

Որոշ դեպքերում մեխանիկական աշխատանքը մտավոր խնդիր ունեցողը կարող է անել ավելի լավ, քան այդ խնդիրը չունեցողը։ Նա ավելի կենտրոնացած է իր առաջադրանքի վրա և հստակ կատարում է։ Պետք է կոտրել մյուս և երևի ամենակարևոր կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցողին աշխատանքի վերցնելը բեռ է։ Դա բեռ չէ, այլ շատ դեպքերում անգամ շահավետ է, քանի որ քվոտայի ներդրումից հետո որոշ ծրագրերով պետությունը գումար է հատկացնում գործատուին։ Դա արվում է շենքային պայմանները բարելավելու համար»։

2006 թվականից «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը ոչ պաշտոնապես զբաղվածության կենտրոն է ձևավորել։ Ներկայում 600-ից ավելի անձ գրանցված է իրենց բազայում։ Անցյալ տարի 100-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձի տեղավորել են աշխատանքի։

Պարոն Ալավերդյանը մտաբերում է բազմաթիվ դեպքեր, երբ բարձր պրոֆեսիոնալիզմով հաշմանդամություն ունեցող անձինք՝ IT  ոլորտից մինչև փաստաբաններ, անցել են աշխատանքի և հաջողությամբ շարունակում են իրենց գործը։  Եթե որևէ կերպ հնարավոր չէ շենքային պայմանները հարմարեցնել, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կառույցի ղեկավարը հորդորում է աշխատանքի ընդունել ոչ թե տեղաշարժման, այլ ուրիշ՝ օրինակ տեսողության, լսողության խնդիր ունեցող անձանց։