«Այս տղաների հետ ամեն ինչ էլ կարող ենք բերել»
«Մեկնելուց առաջ ասել էի, որ գնում ենք «մեր պատերազմին», որտեղ պետք է միայն հաղթենք: Ես գոհ եմ տղաներից, որովհետեւ դա մեզ հաջողվեց», - այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Երբ Ադրբեջանը զինված հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը անմիջապես արձագանքեց եւ հայտարարեց, որ մեր բռնցքամարտիկները չեն մասնակցելու Թուրքիայում եւ Ադրբեջանում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Ինչպես հայտնեց Կարեն Աղամալյանը, ֆեդերացիայի նախագահը նման որոշում կայացրել էր միմիայն մեր մարզիկների անվտանգությունից ելնելով: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելուց հետո մեր բռնցքամարտիկները համաձայնել են մեկնել Թուրքիա, որտեղից վերադարձել են 4 օլիմպիական ուղեգրերով, ինչը մեծ նվաճում է, քանի որ անգամ Թուրքիան ընդամենը երեք վարկանիշ է վաստակել իր իսկ հարկի տակ: «Կարծում եմ, ճիշտ աշխատանքի հաշվին մենք կարողացանք հասնել նման հաջողության: Երկրորդ, հավանաբար տղաների համար լրացուցիչ խթան դարձավ նաեւ այն, որ մրցաշարը կայացավ ... Թուրքիայում: Դա ավելի է մեծացնում պատասխանատվությունը», - նշեց փորձառու մասնագետը: Գնահատելով մեր բռնցքամարտիկների շանսերը Ռիոյի օլիմպիական խաղերում, Կարեն Աղամալյանը կարճ ասաց. «Այս տղաների հետ ամեն ինչ էլ կարող ենք բերել»: Հիշեցենք, որ Թուրքիայում կայացած բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ քաշային կարգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):