Կառլո Մացոնեն կոչ է արել հարգել Ֆրանչեսկո Տոտիին
Իտալացի լեգենդար մարզիչ Կառլո Մացոնեն խստորեն քննադատել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիին՝ կապված թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտիի հետ ունեցած լարված հարաբերության համար: «Սպալետին լավ մասնագետ է, բայց ես խորհուրդ կտայի նախ լինել լավ մարդ, հետո նոր՝ մարզիչ: Միթե նա չգիտի, որ Տոտին հատուկ տեղ է զբաղեցնում իտալական ֆուտբոլի եւ «Ռոմայի» պատմության մեջ: Ինձ զայրացնում է նրա վերաբերմունքը Ֆրանչեսկոյի նկատմամբ: Մարզիչը պետք է հասկանա, որ յուրաքանչյուր խաղացող իր դերն ունի թիմում, եւ նա պարտավոր է պաշտպանել նրանց, այլ ոչ թե քննադատել կամ պախարակել» - ասել է 79-ամյա Կառլո Մացոնեն: Բանն այն է, որ «Ռոմայի» գլխավոր մարզչի եւ թիմի ավագի միջեւ ներկայումս լուրջ տարաձայնություններ կան, եւ որ նրանք անգամ ձեռնամարտի են բռնվել մարզումներից մեկի ժամանակ: Կառլո Մացոնեն իր երիտասարդ գործընկերոջը կոչ է արել հարգանքով վերաբերվել վերջին 20 տարիներին «Ռոմայի» խորհրդանիշը համարվող Տոտիի հանդեպ. «Եթե ես ակտիվ ֆուտբոլում լինեի, ապա մի քանի գործնական խորհուրդներ կտայի Սպալետիին: Համենայնդեպս, Տոտիի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը գցում է նրա վարկանիշը», - ասել է նախկին անվանի մարզիչը: