Հաշմանդամություն ունեցողները չեն կարող իջնել անմար կրակի մոտ
Այսօր հաշմանդամություն ունեցող անձինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էին մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Սակայն անվասայլակով տեղաշարժվող անձինք ինքնուրույն չէին կարող հասնել անմար կրակին: Նրանց այդ հարցում օգնեցին ուրիշները. պայմաններ չկան: «Ինչպես աշխարհի ողջ հայությունը, այնպես էլ մենք, նշում ենք Ցեղասպանության տարելիցը, ուղղակի ապրիլի 24-ին այստեղ տեխնիկապես բարդ է այցելել: Ցավոք սրտի, այն հարմարեցումը, որն անհրաժեշտ է անել անմար կրակի մոտ իջնելու համար, դեռեւս չկա»,- ասում է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը՝ նշելով, որ պետության պարտավորությունն է մուտքերից մեկի մոտ տեղադրել շարժվող պլատֆորմ, որը ոչ մեկին չի խանգարի եւ քիչ տեղ է կզբաղեցնի: «Մոտավորապես 10 հազար դոլարի կարգի գումար է: Կարծում եմ, որ որոշում կայացնողներն այդքան չեն կարեւորում հարցի լուծումը: Մեր կողմից անարգանք է ստիպել մարդկանց, օգնականների կամ ինչ-որ սարքերի միջոցով իջնել: Չնայած այն մարդը, ով իր պարտքը համարում է, խոչընդոտներից չի խուսափում»,- ավելացրեց նա: Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների «Անկախ կյանքի հայկական ցանցի» անդամներն այսօր անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով հնչեցրին նաեւ «Հայր Մեր»-ը եւ հույս հայտնեցին, որ ուշ թե շուտ աշխարհը ճանաչելու է ցեղասպանության փաստը: