Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՆԱՍՎԵԼ ԷՐ ԵՐԿԱԹԳԾԻ ՄԻ ՀԱՏՎԱԾ

Մարզեր

Ապրիլի 26-ին Փամբակ գետի հունի բարձրացման հետեւանքով բացի հարակից ցանքատարածություններից, վնասվել էր Արջուտ - Սպիտակ երկաթգծի որոշակի հատված: Ջրի մեծ կուտակումները քշել տարել էին երկաթգծի ներքեւի հատվածի հողային պաստառը:

Արդյունքում մի քանի օր խաթարվել էր երկաթգծի, այդ թվում եւ Երեւան - Թբիլիսի մարդատար գնացքի երթեւեկությունը: Վթարն, ըստ Գյումրի կայարանի տնօրեն Վահան Գասպարյանի, այսօր վերացվել է, եւ երկաթգիծը գործում է նորմալ:

Ի դեպ, Հանրապետության երկաթգծերի տեխնիկական վիճակը պատասխանատուների կողմից գնահատվում է բավարար: 2004-2005 թվականներին դրանց մեծ մասը կապիտալ վերանորոգման են ենթարկվել:

Եթե լինում են վթարման դեպքեր, ապա դրանք հիմնակնում տեղումների պատճառով են: Ինչ վերաբերում է վագոնների տեխնիկական վիճակին, Գյումրի կայարանը տեղեկացնում է, որ յուաքանչյուր նոր վագոնի ձեռք բերումը պահանջում է ֆինանսական մեծ ծախսեր, ուստի առավել գերադասելի են դրանց պարբերաբար վերանորոգումները:

Բեռնափոխադրումների ծավալները Գյումրիում տարեսկզբի համեմատ աճել են 2 անգամ: Հիմնական բեռնափոխադրումները կատարվում են Ուկրաինայից, ՌԴ-ից եւ ԱՊՀ այլ երկրներից: Ներկրվում է վառելանյութ, շինանյութ, եւ սննդամթերքի որոշ տեսակներ:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ