19-ամյա Արման Լազգիյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը դեռևս Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Միքայել Լազգիյանը։ «Արմանի տրամադրությունը նորմալ է, սակայն նախորդ վիրահատությունից հետո նրա մոտ նորից խնդիրներ կան։ Հիմա նոր վիրահատության են իրեն պատրաստում՝ կոկորդի և կերակրափողի հետ կապված»,-նշեց նա։ Հիշեցնենք, որ Արման Լազգիյանը ապրիլի 7-ին Թալիշում ծանր վիրավորում էր ստացել։ Հակառակորդի գնդակը մտել էր կոկորդից, ողնաշարով դուրս եկել։ Ապրիլի 13-ին հիվանդանոցում Արմանը մկրտվել էր։ Միքայել Լազգիյանը նշեց, որ շատ դեպքեր են եղել, երբ որդին դիվերսիոն ներթափանցման դեպքեր է կանխել. «Նա շատ համարձակ է»։ Հարցին, թե Պաշտպանության նախարարությունից գալի՞ս են իր որդու և վիրավոր մյուս զինծառայողների մոտ, նա նշեց, որ պարբերաբար այցեր լինում են։