Գյուղապետը հայհոյել է. գառնեցիները կրկին փակել են ճանապարհը
Գառնի գյուղի բնակիչներն այսօր մեկ ժամով կրկին փակել էին Երեւան-Գառնի ճանապարհը։ Նրանց զայրացրել է, որ իրենց հետ հանդիպման եկած ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն եւ այլ աշխատակիցներ՝ իրենց թողել են բակում եւ մտել մշակույթի տուն։
« Հետո ասեցին եկեք ներս քննարկելու, ժողովուրդն ասեց, որ քննարկելու բան չունենք: Նրանք դուրս չեկան, այդպես էլ փակված մնացին ներսում: Հետո գյուղապետն էր հորդորում, որ մի կերպ մարդկանց ներս տանի, բայց բնակիչներն այդպես էլ չգնացին, կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծվեցին: Գյուղապետը սկսեց հայհոյել, կոնֆլիկտի մեջ մտավ բնակիչների հետ»,- «Ա1+»-ին ասաց գյուղի բնակիչ Սառա Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ այնուհետեւ ներսից սկսել են հրահանգել, թե ով տղամարդ է, թող ներս գա, ինչին ի պատասխան ժողովուրդը սկսել է սուլել եւ լարված իրավիճակ է ստեղծվել.
«Թիկնապահների օգնությամբ փորձում էին պարտադրել մարդկանց ներս մտնել մշակույթի տուն, եւ քաշքշուկ տեղի ունեցավ»,- ավելացրեց Սառա Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ եւ ուղղվի դեպի Արարատի Քաղցրաշեն եւ Նարեկ գյուղերը: Բնակիչները պնդում են, որ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը այստեղ իր շահը ունի, քանի որ այդ ջրով ոռոգվելու են նրան պատկանող հողատարածքները, ինչպես նաև այդ ջուրը գնալու է նրա ձկնաբուծարանները:
Այս հարցով նույնիսկ հանրային քննարկում չի կազմակերպվել: