ՀՀ գավաթակիր «Բանանցը» ցանկանում է փոխել անվանումը
Ֆուտբոլի Հայաստանի 2016 թվականի գավաթակիր Երեւանի «Բանանցի» ղեկավարությունը ցանկանում է փոխել թիմի անվանումը: Այդ մասին է վկայում ակումբի պաշտոնական կայքէջում տեղադրված հարցումը: Ո՞ր անվանումն եք նախընտրում մեր ակումբի համար հարցին՝ «Բանանցի» ղեկավարները թիմի երկրպագուներին առաջարկել են 3 տարբերակ՝ «Բանանց», «Մալաթիա», «Արցախ»: Հարկ է նշել, որ Հայաստանի առաջնություններին «Մալաթիա» անվանումով թիմ արդեն մասնակցել է՝ 1992 թվականին: Ինչ վերաբերում է «Արցախ»-ին, ապա նախկինում այդ անվանումն օգտագործվել է մեր ակումբների կողմից, սակայն Լեռնային նախաբանով: Այն, թե ինչպես կավարտվի հարցումը, ցույց կտա ժամանակը, սակայն մի բան պարզ է, որ եթե ֆուտբոլասերները չընտրեն ներկայիս անվանումը, ապա դրանով մոռացության կտրվի անկախ Հայաստանի նորաստեղծ ֆուտբոլային ակումբներից մեկի պատմությունը: Հիշեցնենք, որ «Բանանցը» Հայաստանի գավաթի առաջին խաղարկության հաղթողն է: