Առաջին անգամ կներկայացվի Հին Երևանի ժամացույցը, շուկայի կշեռքը
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, որի շրջանակներում ավանդաբար կազմակերպվում է թանգարանային գիշերը: Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ միացել է ծրագրին: Այս տարի մայիսի 21-ին Հայաստանի, ինչպես նաեւ Արցախի թանգարանները բաց կլինեն մինչեւ ուշ գիշեր: Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ տարեցտարի ավելանում է ծրագրին միացած մարզային թանգարանների թիվը. «Թանգարանների գիշերը նպաստում է այցելուների աճին: Նմանատիպ ուշադրությունը բերում է նրան, որ թանգարաններն իրենք են մշակում այնպիսի ծրագրեր, որոնք հետաքրքրություն կառաջացնեն այցելուների շրջանում: Կարելի է ասել՝ թանգարանները, դրական իմաստով, մրցակցության մեջ են միմյանց հետ իրենց ծրագրերով»,-նշեց նա՝ հավելելով, որ այս տարի Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարաններն առաջին անգամ, բացի անհատական ծրագրից, ընդհանուր ծրագիր են ներկայացնելու: Տիկին Սարգսյանը հավելեց, որ Երեւանի պատմության թանգարանում մայիսի 21-ին ցուցադրվելու են բացառիկ նմուշներ. «Ցուցադրելուն ենք 19-20-րդ դդ. երեւանցիների լուսանկարներ, երեւանյան հին բնակարաններին բնորոշ վիտրաժներ: Առաջին անգամ երկար ընդմիջումից հետո ներկայացնելու ենք Երեւանի բերդի Սարդարի պալատի մարմարե շատրվանը, Երեւանի հին շուկայի կշեռքը, ինչպես նաեւ՝ Հին երեւանի ժամացույցը, որը թվագրվում է 19-րդ դարին»: