Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահանջել ենք Ադրբեջանին հեռացնել քունգ ֆուի ֆեդերացիայից»

Սպորտ
sport-kungfu

Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը առայսօր չի պատկերացնում, թե ինչպես են ադրբեջանցիները Եվրոպայի առաջնության ժամանակ սադրել եւ խոշոր սկանդալ հրահրել մեր մարզիկների դեմ: «Ադրբեջանցիները մեր մարզիկից առաջին պարտությունը կրելուց հետո նախ բողոքարկեցին մենամարտը, իսկ հետո մեսիջ ուղարկեցին մեզ, որ եթե չբավարարվի այն, ապա դիմելու են սադրանքի: Սակայն մենք չէինք սպասում, որ նրանք կդիմեն նման քայլի, եւ խոշոր սկանդալ կլինի», - այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց ֆեդերացիայի նախագահը: Հիշեցնենք, որ մայիսի 12-15-ին Լվովում կայացած քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունում, մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի մարզիկների եւ մարզասերների միջեւ, որի պատճառով մրցաշարը դադարեցվել է: Պատմելով բուն միջադեպի մասին, Սարգիս Հարությունյանն ասաց. «Երբ Դավիթ Պետրոսյանը հաղթում էր ադրբեջանցի մարզիկին, ռինգին մոտ գտնվող ադրբեջանցի մարզասերներից մեկը սկսեց հայհոյել նրան: Դավիթ Պետրոսյանը մոտեցավ նրան, որպեսզի պարզաբանում պահանջի, սակայն ադրբեջանցու մարտավկան եւ բուն մրցակիցը հարվածեցին նրան, որից հետո, վայ մարզասերները մտան ռինգ եւ հարձակվեցին Դավիթի վրա, որը արցախյան քառօրյա պատերազմում ադրբեջանական 5 տանկ եւ 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի կրտսեր եղբայրն է: Դրանից հետո մասսայական ծեծկռտուք սկսվեց, որի հետեւանքով Դավիթ Պետրոսյանը երկաթյա ձողի հարվածից գլխի վնասվածք է ստացել»: «Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, արդյո՞ք մեր մարզիկը ճիշտ է վարվել, երբ մրցամարտի ընթացքում ցանկացել է հարաբերությունները պարզել իրեն հայհոյած մարզասերին հետ, Սարգիս Հարությունյանը միանշանակ պատասխանեց. «Ոչ: Նա չպետք է գնար այդ սադրանքին»: Մեր երկրորդ հարցին՝ թե ինչպես են վարվելու, եթե հաջորդ մրցաշարում կրկին ադրբեջանցի մրցակից բաժին հասնի մերոնց, ֆեդերացիայի նախագահն ասաց. «Մենք քունգ ֆուի միջազգային եւ Եվրոպայի ֆեդերացիաներից պահանջել ենք Ադրբեջանին հեռացնել իրենց շարքերից: Սակայն, եթե Ադրբեջանը նոր ֆեդերացիա ստեղծի եւ նոր թիմ դուրս բերի աշխարհի առաջնության ժամանակ, ապա մենք կհրաժարվենք մասնակցությունից», - եզրափակեց Սարգիս Հարությունյանը: