Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիվերպուլը» եւ «Սևիլյան» կխաղան «Բազեի աչքի» ներքո

Սպորտ
sport-evroliga

Անգլիական «Լիվերպուլը» եւ իսպանական «Սևիլյան» այսօր շվեյցարական Բազել քաղաքի «Սենտ-Յակոբ պարկ» մարզադաշտում կհանդիպեն ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում: Թիմերը կվիճարկեն ոչ միայն եվրոպական ֆուտբոլի 2-րդ տիտղոսը եւ 15 կիլոգրամանոց գավաթը, այլեւ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրերից մեկը: «Սևիլյան» նախկինում արդեն 4 անգամ գրել է իր անվանումն այս մրցաշարի պատմագրքում, ընդ որում վերջին երկու գրանցումը կատարել է վերջին երկու տարիներին: Եթե իսպանական ակումբն այսօր հաղթի, ապա կդառնա միակը, որը երեք տարի շարունակ իր մոտ կպահի գավաթը: «Լիվերպուլը» ՈՒԵՖԱ-ի եռակի գավաթակիր է, ուստի հաջողության դեպքում հաղթանակներով կհավասարվի հենց «Սեւիլյային»: Հարկ է նշել, որ երկու ակումբները շատ հաջող են հանդես գալիս սույն մրցաշարում եւ երբեք պարտություն չեն կրել, երբ հասել են եզրափակիչ փուլ: Այսօրվա հանդիպումը նշանակալից է նաեւ նրանով, որ նման մակարդակի խաղին առաջին անգամ կկիրառվի դարպասի գրավման ավտոմատ համակարգ, որին տվել են «Բազեի աչք» անունը: Իսկ ահա BT Sport բրիտանական հեռուստաալիքն եվրոգավաթների պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ հանդիպումն ուղիղ եթերով կհեռարձակի YouTube կայքէջով: Վերջում հավելենք, որ բուքմեյքերական գրասենյակները «Լիվերպուլ» - «Սեւիլյա» խաղի ֆավորիտ են համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատել են 2,37 գործակցով, «Սեւիլյայինը»՝ 3,00-ով: