500.000 դրամի դիմաց կայքի տնօրենի օգնականն ազատ է արձակվել
Վերաքննիչ դատարանն այսօր որոշել է 500,000 դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Անալիտիկ» կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանին: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, այսօր գումարը կմուծվի եւ նա ազատ կարձակվի: Պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել խափանման միջոց կալանքը վերացնելու համար: «Առաջին ատյանի դատարանի որոշումը անօրինական էր»,- ավելացրեց պաշտպանը: Հիշեցնենք, որ Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում հոդվածով: Հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ: Վարդիթեր Գիշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: