Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է հաղթարշավը
Կոսովոյում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում շարունակում է հաջող հանդես գալ Հայաստանի շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը: Այսօր կայացած 7-րդ տուրում մեր երիտասարդ գրոսմայստերը բավական լարված մրցապայքարում կարողացավ սպիտակներով պարտության մատնել ուկրաինացի գրոսմայստեր Ռուսլան Պոնոմարյովին՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը: Սամվել Տեր-Սահակյանն իր վաստակած միավորների քանակը հասցրեց 5,5-ի եւ այժմ բաժանում է 3-8-րդ տեղերը: Նա ընդամենը կես բալով է հետ մնում մրցաշարի երկու առաջատարներից՝ չեխ Դավիդ Նավարայից եւ ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւից: Այսօր հաջող հանդես եկավ նաեւ մեր մյուս երիտասարդ գրոսմայստերը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա սպիտակներով հաղթեց չեխ Իրժի Շտոչեկին, վաստակեց 5-րդ միավորը եւ միացավ առաջատարներին հետապնդող 2-րդ ստվար խմբին: Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը եւ Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ այժմ ունեն 4,5-ական միավոր: