«Հայփոստը» հատուկ բացիկ-հրավիրատոմս է թողարկել (տեսանյութ)
Երեւանում գտնվող Ամերիկայի Հայկական Համագումարի շենքում այսօր բացվեց ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան ու դրա 98-րդ տարեդարձին: «Ցուցահանդեսի վայրի ընտրությունը խորհրդանշական է, քանի որ այս շենքի պատշգամբից է հայտարարվել Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը եւ այստեղ է գտնվել նորաստեղծ երկրի կառավարությունը»,- ցուցահանդեսի բացման խոսքում ասաց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Հայաստանի յոթ ֆիլատելիստներ ներկայացրել են իրենց հավաքածուները, որոնք նվիրված են Հայաստանին ու դրան նվիրված մյուս թեմաներին: Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ցուցահանդեսում ներկայացել է «Հայոց բանակ եւ պետականություն» թեմայով: Հավելենք, որ «Հայփոստը» հատուկ բացիկ է թողարկել սույն ցուցահանդեսի համար: Այն վավերացվեց հատուկ պատրաստված կնիքով: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 4-ը, որի մուտքը ազատ կլինի այցելուների համար: